Լրագրող, իրավաբան Արսեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021թ-ի դեկտեմբերի 31-ին մահացած ժամկետային զինծառայող Մովսես Արամայիսի Թադևոսյանը Գեղարքունիքի մարզի Սևան համայնքից էր:
«Մովսեսը բազմազավակ ընտանիքից էր, 6 երեխա են՝ 4 եղբայր, 2 քույր, եղբայրներից մեկը պայմանագրային զինծառայող է, իսկ Մովսեսն ու Հովսեփը ժամկետային զինծառայողներ էին: Սոցիալապես անապահով ընտանիք են, ծնողները մշտական աշխատանք չունեն: Ես Մովսեսին անձամբ չեմ ճանաչում, բայց համայնքում բոլորն էլ ասում են, որ շատ լավ երեխա է, և էդ երեխեն վատ բանով երբեք աչքի չի ընկել»,- հայտնեց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ ամբողջ համայնքը ցնցված է, և ամբողջ համայնքով ընտանիքի կողքին կանգնած են:
«Մենք ամանորը դիմավորեցինք շատ ցավալի լուրով, յուրաքանչյուր զինվորի կորուստ կրկնակի ցավ է:
Ես դեպքի մասին իմացել եմ ամսի 31-ին, համայնքում տղայի մահվան մանրամասների մասին ոչինչ չի շրջանառվում, որովհետև շատ զգայուն թեմա է, և միայն ականատեսները կարող են ասել՝ ինչ է կատարվել»,- եզրափակեց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Հիշեցնենք, որ 2021թ. դեկտեմբերի 31-ին Վայոց ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.) գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Թադևոսյանը մահացել է։
Դեպքի առնչությամբ իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։
Հ.Գ. Խորին ցավակցությունս և զորակցություն հայտնում, կիսում եմ կորստյան ծանր վիշտը Մովսես Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»: