Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինայի տարածքում կենսաբանական զենքի բաղադրիչներ էին ստեղծվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Զինված ուժերի ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության լաբորատորիաները Կիեւում, Օդեսայում, Լվովում եւ Խարկովում 32 միլիոն դոլարի ֆինանսավորում են ստացել ԱՄՆ-ից։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգները 1.6 միլիոն դոլար է ներդրել՝ չղջիկների միջոցով մարդկանց հիվանդությունների փոխանցումն ուսումնասիրելու համար:


«P-781 նախագծի՝ չղջիկների միջոցով մարդկանց փոխանցման ուղիների հետազոտման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատանքներն իրականացվել են Խարկովի լաբորատորիայի հիման վրա՝ Թբիլիսիի սկանդալային Լուգարի կենտրոնի հետ միասին։ Ուկրաինայում եւ Վրաստանում դրա իրականացման համար Պենտագոնի ընդհանուր ծախսերը 1.6 մլն դոլար են կազմել, որի մեծ մասը ստացել է Ուկրաինան՝ որպես հիմնական կապալառու»,- ասել է Կիրիլովը։

Նրա խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ն ունի փաստաթուղթ, որը հաստատում է Պենտագոնի անմիջական մասնակցությունն Ուկրաինայում ռազմական կենսաբանական նախագծերի ֆինանսավորմանը։

«Պատահական չէ, որ նշված կենսալաբորատորիաներն ընտրվել են ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման գրասենյակի (DTRA) եւ կապալառու Black and Witch-ի կողմից՝ որպես UP-8 նախագծի կատարողներ, որոնք ուղղված են Կոնգո-ղրիմյան հեմոռագիկ տենդի, լեպտոսպիրոզի եւ հանտավիրուսիների հարուցիչների ուսումնասիրմանը»,- ասել է Կիրիլովը։

Կիրիլովը նշել է, որ ուկրաինական կենսաբանական լաբորատորիաները շարունակում են ոչնչացնել կենսաբանական նյութերը եւ վտանգավոր վիրուսների հետազոտման փաստաթղթերը։ «Այդ լաբորատորիան համագործակցում է Օդեսայի Մեչնիկովի անվան հետազոտական ​​հակաժանտախտային ինստիտուտի հետ, որը հետազոտություններ է իրականացնում ժանտախտի, սիբիրախտի, խոլերայի, տուլարեմիայի եւ արբովիրուսների վերաբերյալ»,- ասել է նա:
Կիրիլովը հայտարարել է, որ Ռուսաստանի Զինված ուժերը փաստաթղթեր ունեն, որոնք հաստատում են Ուկրաինայից երրորդ երկրներ, այդ թվում՝ Գերմանիա, Մեծ Բրիտանիա եւ Վրաստան, կենսանմուշների տեղափոխումը։

«Անհրաժեշտ է նշել մի շարք փաստաթղթեր, որոնք հաստատում են Ուկրաինայում վերցված կենսաբանական նմուշների տեղափոխումը երրորդ երկրների տարածք, այդ թվում՝ Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Վրաստան։ Ձեր առջեւ պաշտոնական փաստաթղթեր են, որոնք հաստատում են ուկրաինացի քաղաքացիների արյան շիճուկի 5000 նմուշների տեղափոխումը Պենտագոնին առընթեր Լուգարի կենտրոն Թբիլիսիում, 773 կենսավերլուծություն փոխանցվել է Մեծ Բրիտանիայի ռեֆերենս լաբորատորիա: Պայմանագիր է ստորագրվել Գերմանիայի Լեֆլերի ինստիտուտ անսահմանափակ քանակությամբ վարակիչ նյութերի դուրս բերման համար»,- ասել է Կիրիլովը։

Նրա խոսքով՝ «ստացված տեղեկատվության վերլուծությունը ցույց է տալիս, որ ուկրաինացի մասնագետներին հայտնի չէ կենսանյութերի տեղափոխման հնարավոր ռիսկերի մասին, եւ նրանք, փաստորեն, փակ աչքերով են գործում եւ պատկերացում չունեն իրականացվող հետազոտությունների իրական նպատակների մասին»: