Ռազմական ծախսերն աշխարհում անցած տարի առաջին անգամ գերազանցել են 2 տրլն դոլարը, ընդ որում՝ Ռուսաստանը պաշտպանական ծախսերի ծավալով զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ զիջելով Միացյալ Նահանգներին, Չինաստանին, Հնդկաստանին եւ Մեծ Բրիտանիային, նշվել է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում։

«2021թ. ռազմական ծախսերն աշխարհում առաջին անգամ գերազանցել են ԱՄՆ 2 տրլն դոլարը՝ հասնելով 2 113 մլրդ դոլարի։ 2021թ. համաշխարհային ծախսերը 0,7 տոկոսով ավելին են եղել, քան 2020թ., եւ 12 տոկոսով ավելի, քան 2012թ.»,- նշվել է փաստաթղթում։


Ամբողջ աշխարհում տնտեսության ակտիվ վերականգնման արդյունքում անցած տարի ռազմական ծախսերը կազմել են համաշխարհային ՀՆԱ-ի 2,2 տոկոսը, 2020թ. այդ ցուցանիշը հասնում էր 2,3 տոկոսի, նշվել է զեկույցում։

2021թ. պաշտպանական խոշոր բյուջեներ ունեցող երկրների հնգյակում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը, նրանց բաժին է ընկել համաշխարհային ռազմական ծախսերի 62 տոկոսը։

SIPRI-ի տվյալներով՝ 2021թ. Միացյալ Նահանգների ռազմական ծախսերը կազմել են 801 մլրդ դոլար, ինչը 1,4 տոկոսով ավելի քիչ է, քան 2020թ.։ 2012-2021թթ. ԱՄՆ-ը 24 տոկոսով ավելացրել է ռազմական հետազոտությունների ֆինանսավորումը՝ միաժամանակ 6,4 տոկոսով կրճատելով սպառազինությունների գնման ծախսերը։

Երկրորդ տեղում Չինաստանն է, որը պաշտպանական կարիքներին է ուղղել 293 մլրդ դոլար, ինչը 4,7 տոկոսով ավելին է, քան 2020թ.։ Հնդկաստանի, որը երրորդ տեղում է, ռազմական ծախսերն անցած տարի կազմել են 76,6 մլրդ դոլար, ինչը 0,9 տոկոսով ավելին է, քան 2020թ.։

SIPRI-ի տվյալներով՝ Բրիտանիան անցած տարի պաշտպանությանը հատկացրել է 68,4 մլրդ դոլար, ինչը 3 տոկոսով ավելին է, քան 2020թ.։

Ռուսաստանը եզրափակում է պաշտպանական ամենամեծ ծախսերն ունեցող երկրների հնգյակը։

«Ռուսաստանն իր ռազմական ծասխերը 2021թ. ավելացրել է 2,9 տոկոսով՝ հասցնելով 65,9 մլրդ դոլարի, այն դեպքում, երբ ուժերը կենտրոնացնում էր ուկրաինական սահմանի երկայնքով։ Երրորդ տարին անընդմեջ Ռուսաստանն ավելացրել է ռազմական ծախսերը՝ 2021թ. դրանք հասցնելով ՀՆԱ-ի 4,1 տոկոսին», նշվել է զեկույցում։

SIPRI-ի ռազմական ծախսերի եւ սպառազինությունների արտադրության ծրագրի տնօրեն Լյուսի Բերո-Սուդրոյի (նրա խոսքերը մեջբերվում են հաղորդագրությունում) կարծիքով՝ նավթի եւ գազի վաճառքից ստացվող բարձր եկամուտները Ռուսաստանին հնարավորություն են տվել 2021թ. ավելացնել ռազմական ծախսերը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմական ծախսերը 2016-2019թթ. նվազում էին՝ էներգակիրների ցածր գների եւ պատժամիջոցների հետ կապված, որոնք մտցվել էին 2014թ. Ռուսաստանին Ղրիմի միանալու պատճառով։