Հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում այսօր՝ հուլիսի 14-ին, հրազենային վիրավորումով մահացած հայտնաբերված պարտադիր 19-ամյա շարքային զինծառայող Արսեն Մանուկյանը արդեն մեկ տարուց ավելի՝ ծառայում էր Սիսիանում։

NEWS.am-ի հետ զրույցում Արսեն Մանուկյանի ծանոթը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակում, պատմեց, որ նա ուներ երկու քույր եւ մեկ եղբայր։ Եղբայրը պայմանագրային զինծառայող է, մի քույրն ամուսնացած է, մյուսն էլ անչափահաս է, սովորում է Վարդենիսի պետական քոլեջում։


«Իրենք ապրում են սոցիալապես շատ ծանր կացության մեջ են։ Ապրում են մեկսենյականոց բնակարանում, որի վիճակը սարսափելի է։ Մայրը մոտակա խանութում աշխատում է որպես հավաքարար, հայրն էլ մանր աշխատանքներ է կատարում, այս պահին Ռուսաստանում է։ Ինքը շատ հանգիստ, խելոք տղա էր։ Մեզ մոտ ասում են՝ կռիվ է եղել զինվորների միջեւ, կրակել են, բայց հստակ ոչինչ չգիտենք»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ ՊՆ-ից  հայտնում են, որ տարվում է քննություն՝ դեպի հանգամանքները լիարժեք պարզելու համար։