Ադրբեջանը և Եվրամիությունը հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ելույթ ունենալով Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ հանդիպումից հետո՝ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի նախաձեռնած էներգետիկ նախագծերն ամբողջությամբ փոխել են Եվրոպայի էներգետիկ քարտեզը։

«Այսօրվա հուշագիրը ճանապարհային քարտեզ է ապագայի համար: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն ու ԵՄ-ն առաջիկա ամիսներին կավարտեն աշխատանքը նոր երկկողմանի համաձայնագրի վրա»,- ասել է Ալիևը։

«Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հուսալի համագործակցությունը մեծ արժեք է։ Մեր էներգետիկ երկխոսությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։

Եվրահանձնաժողովի ղեկավարն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը մեծ ներուժ ունի էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում։