Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է իրադրությունը սահմանին ժամը 04.00-ի դրությամբ։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը Արամ Թորոսյանը հայտարարեց, որ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

«Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված շարունակում է չթուլացող ինտենսիվությամբ։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ–ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ, դիրքային մարտերը շարունակվում են»,– ասաց նա։

ՊՆ խոսնակը նաև նշեց, որ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են հասցնում հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են: