Ներկայացուցիչների պալատի անդամ Դագ Լամբորնը մտահոգություն է հայտնել, որ գերձայնային հրթիռների արտադրության եւ փորձարկման հարցում ԱՄՆ-ը հետ է մնում Չինաստանից ու Ռուսաստանից։

«Որպես երկիր՝ մենք հետ ենք մնում Չինաստանից եւ նույնիսկ Ռուսաստանից, եւ դա լավ իրավիճակ չէ»,- ասել է Լամբորնը՝ հավելելով, որ գերձայնը «հարձակողական հնարավորությունների միանգամայն նոր տեսակ է, եւ մենք, անկասկած, հետ ենք մնում»:


Լամբորնի մտահոգություններին արձագանքել են գիտնականներն ու զենքի փորձագետները, ովքեր միացել են The Hill-ի «Ազգային անվտանգությունը ձայնի արագությամբ. հիպերձայնը ամերիկյան պաշտպանությունում» միջոցառմանը, որը հովանավորվում է Raytheon Industries-ի կողմից:

Գերձայնային հրթիռները զենքեր են, որոնք կարող են շարժվել ձայնի արագությունից հինգ անգամ արագ՝ մոտավորապես 4000 մղոն/ժամ։ Դրանք կառուցված են այնպես, որ այնքան արագ լինեն, որ այլ պաշտպանական տեխնոլոգիաները չկարողանան ժամանակին արձագանքել հարվածները կանխելու համար:

Ռազմավարական ուժերի ենթահանձնաժողովի բարձրաստիճան անդամ Լամբորնն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է արագացնի իր փորձարարական հնարավորությունները՝ հասնելու այլ երկրներին: Նա հատուկ մատնանշել է HBTSS արբանյակները, որոնք կարող են հետեւել Չինաստանից եւ այլ երկրներից ստացվող գերձայնային զենքերին:

Լամբորնի մտահոգությունները կիսել են պաշտպանական փորձագետները՝ Ազգային պաշտպանական արդյունաբերական ասոցիացիայի Նոր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Մարկ Լյուիսը եւ Իլինոյսի համալսարանի մեքենաշինության եւ ինժեներիայի ամբիոնի դոցենտ Քելլի Ստեֆանին:

«Երկիրը, որն իսկապես ինձ ամենաշատն է անհանգստացնում, Չինաստանն է,- ասել է Լյուիսը,- Նրանց համակարգերը շատ ավելի ճշգրիտ են արտացոլում այն, ինչ մենք ակնկալում ենք մարտական հնարավորությունների առումով աշխարհի այդ մասում: Չինացիների ձեռքում մենք շատ արդյունավետ համակարգեր ենք տեսել»։

«Մենք կոչ ենք անում մեր կոնգրեսականներին եւ ամբողջ ազգին ճանաչել այս սպառնալիքը եւ գործել դրան համապատասխան»,- ասել է Ստեֆանին: «Մենք սահմանափակ ժամանակ ունենք, եւ դա այն է, ինչը պետք է մեզ համախմբի»: