Ամերիկացի զինվորականները ուրբաթ օրը խոցել են Ալյասկայի օդային տարածքի վրայով թռչող օբյեկտը, հայտնում է Սպիտակ տունը:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ պաշտպանության նախարարությունը հետեւել է Ալյասկայի վրայով 40 000 ոտնաչափ բարձրության վրա գտնվող օբյեկտին, որը վտանգ է ներկայացնում քաղաքացիական թռիչքների անվտանգության համար։

Քիրբիի խոսքով՝ օբյեկտը խոցվել է ուրբաթ կեսօրին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով եւ վայրէջք կատարել Միացյալ Նահանգների ջրերում:

Նա նշել է, որ կառավարությունը դեռ տեղեկություններ է հավաքում օբյեկտի մասին։ Դեռեւս հայտնի չէ՝ այն շահագործվել է այլ երկրի կողմից, թե եղել է մասնավոր կամ առեւտրային սեփականություն։ Քիրբին նաեւ չի հայտնել՝ օբյեկտն աերոստատ է, թե այլ սարք։

«Մենք դա անվանում ենք օբյեկտ, քանի որ դա լավագույն նկարագրությունն է, որը մենք ունենք այս պահին»,-ասել է նա։

«Մենք չենք հասկանում նպատակը։ Մենք ոչ մի տեղեկություն չունենք, որը կհաստատի այդ օբյեկտի նպատակը»,-ասել է նա։

Քիրբիի խոսքով՝ Բայդենը տեղեկացված է եղել այդ հարցի շուրջ։

Խոցված օդային օբյեկտի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել նաեւ Պենտագոնում։

Պենտագոնի ներկայացուցիչ բրիգադային գեներալ Փեթ Ռայդերը հայտնել է, որ Հյուսիսամերիկյան օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը հինգշաբթի օրը հայտնաբերել է օբյեկտը ցամաքային ռադարների վրա եւ ուղարկել ինքնաթիռը հետագա հետաքննության համար, որից հետո որոշում է կայացվել այն խոցել:

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի երկնքում նկատել են մեկ այլ օդային օբյեկտ՝ չինական օդապարիկ: Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ում նկատված օդապարիկը քաղաքացիական օդանավ է, որն օգտագործվում է գիտական, հիմնականում օդերեւութաբանական նպատակներով, որը մոլորվել է եւ հայտնվել ԱՄՆ-ի օդային տարածքում: Չինաստանում ներողություն են խնդրել։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգել է փետրվարի 5-6-ը նախատեսված այցը ՉԺՀ՝ աերոստատի հետ կապված միջադեպից հետո: