«Վալկիրիա» հնչեղ անունով ռուսական ընկերությունը, որն արտադրում է հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքեր, սկսել է մշակել ունիվերսալ անօդաչու էկրանոպլան՝ հագեցած օդային բարձով։ Անօդաչու սարքի առանցքային նպատակը կլինի վիրավորների տարհանումը, գրում է Tekhkult-ը։

Ըստ «Վալկիրիա»-ի հիմնադիր Դմիտրի Ռաեւսկու՝ խոսքը բազմաֆունկցիոնալ եւ մատչելի օդանավի մասին է, որն ունակ է սնունդ եւ զինամթերք հասցնել առաջնագիծ, ինչպես նաեւ արագ տարհանել վիրավոր զինվորներին։


Ռաեւսկին հատկապես ընդգծել է այն փաստը, որ այս էկրանոպլանը, որը զարգացնում է մինչեւ 150 կմ/ժ արագություն, կկարողանա վիրավորներին հասցնել բժշկական կենտրոններ եւ հաստատություններ առավելագույն կարճ ժամկետում՝ նշելով «ոսկե ժամ» բժշկական տերմինը՝ ժամանակ, որի շրջանակներում ցուցաբերվող բժշկական օգնությունն առավել արդյունավետ է։

«Վալկիրիա»-ի ինժեներներն ակնկալում են, որ մինչեւ գարնան վերջը կավարտեն էկրանոպլանի նախատիպի վրա բոլոր անհրաժեշտ աշխատանքները եւ արդեն այս ամառ կսկսեն այն ուղղակիորեն փորձարկել հատուկ ռազմական գործողության տարածքում: