Թայվանի Զինված ուժերը անցած օրը կղզու մոտ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի 28 ինքնաթիռ եւ չորս նավ են նկատել, վկայում է Թայվանի պաշտպանության գերատեսչության ամենօրյա ամփոփագիրը։

«Մարտի 14-ի ժամը 6.00-ից մինչեւ մարտի 15-ի ժամը 6.00-ն Թայվանի շուրջ գրանցվել են Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի 28 ինքնաթիռ եւ չորս նավ»,- նշվել է գերատեսչության թվիթերյան հաղորդագրությունում։


Տեղեկացվել է, որ 16 ինքնաթիռներ հատել են Թայվանի նեղուցի այսպես կոչված «միջին գիծը», այդ թվում՝ J-11 չորս կործանիչ, չորս J-16, երկու J-10, Սու-30, հականավակային Y-8 ինքնաթիռ, Z-9 ուղղաթիռ, ինչպես նաեւ մի քանի անօդաչու թռչող սարքեր, ներառյալ CH-4, BZK-005։

Գերատեսչության հայտարարության համաձայն՝ Թայվանն օդային եւ ծովային պարեկ է ուղարկել՝ իրավիճակին հետեւելու համար, ինչպես նաեւ պատրաստ վիճակի է բերել ցամաքային բազավորման հրթիռային համալիրները։