Իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը հայտնել է, որ դեռ «շատ վաղ» է Իրանի միջուկային ծրագրին հասցված վնասը գնահատելու համար, տեղեկացրել է Times of Israel-ը։
«Մենք կատարել ենք մեր առջեւ դրված բոլոր խնդիրները, անգամ ավելի լավ, քան մտածում էինք։ Բայց առայժմ դեռ շատ վաղ է որեւէ բան որոշել, մենք հետաքննում ենք միջուկային ծրագրի տարբեր բաժիններին հասցված հարվածների արդյունքները»,- ասել է Դեֆրինը՝ ի պատասխան մամուլի ասուլիսում հնչած հարցի։
«Գնահատականն այնպիսին է, որ մենք զգալի վնաս ենք հասցրել միջուկային ծրագրին, եւ ես կարող եմ ասել, որ մենք այն տարիներով հետ ենք մղել»,- ասել է նա։
Երեկ երեկոյան ՑԱԽԱԼ-ի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրն ասել է, որ «մենք Իրանի միջուկային նախագիծը տարիներով հետ ենք մղել, եւ նույնը վերաբերում է նրա հրթիռային ծրագրին»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին քանիցս հայտնել է Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացման մասին, սակայն տեղեկության արտահոսքը, որը հրապարակվել է ամերիկյան լրատվամիջոցների կողմից, վկայում է հակառակի մասին։