Վահագն Վաղինակի Վարդևանյան (1966 - 1994) - Արցախյան ազատամարտի հերոս, գրոհային ջոկատի հրամանատար:

Վահագն Վարդևանյանը 1989 - 1994 թթ. ընթացքում մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Գորիսի (Շուռնուխ, Գորիս - Կապան մայրուղի), Իջևանի և ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Կուբաթլուի (Սեյթազ, Վերին Չիբիքլի, Ներքին Չիբիքլի, Գյուլեբիրտ), Մարտակերտի (Կարմիրավան), Աղդամի (Փարփրավենդ, «Գինու գործարան», և «Գոմեր» տեղամասեր) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

1994 թվականի ապրիլի 21-ի գիշերը Վահագն Վարդևանյանի գլխավորած ջոկատի 38 ազատամարտիկներ դիրքավորվել են Կարմիրավանի մատույցներում: Հակառակորդը լուսաբացին նախահարձակ է եղել: Զգալով շրջապատման վտանգը՝ Վահագն Վարդևանյանը և նրա ջոկատի 13 ազատամարտիկներ կրակը վերցրել են իրենց վրա՝ ապահովելով մյուսների նահանջը: Շրջապատման մեջ հայտնված 13 ազատամարտիկների զոհվելուց հետո, մերժելով գերի հանձնվելու հակառակորդի առաջարկը, վիրավոր Վահագնը շարունակել է մարտը մինչև զինամթերքի վերջանալը: Հակառակորդի մոտենալու պահին Վահագն Վարդևանյանը պայթեցրել է նռնակը՝ սպանելով թշնամու 4 զինվորի և ինքն իրեն:

Վահագն Վարդևանյանը պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով: Արցախի հերոս: