ՀՀ Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը hայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Բաքուն չի թաքցնում, այլ, ընդհակառակը, լկտիաբար ի ցույց է դնում իր քամահրական վերաբերմունքը միջազգային կարծիքի, իրավական և մարդասիրական նորմերի և իր ստանձնած պարտավորությունների հանդեպ: Զինված ընդհարումներ հրահրելով և սաստկացնելով լարվածությունը սահմանագծում` Ադրբեջանն, ըստ էության, վերացնում է հրադադարի ռեժիմը և այն փոխարինում շարունակական սադրանքների և քաղաքական շանտաժի ռեժիմով` դրանով իսկ խափանելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերը:

Անկախ այս ամենից, Արցախի քաղաքական ինքնորոշումը կայացած ու անշրջելի փաստ է: Ինքնորոշված ու ազատ Արցախը Ադրբեջանին բռնակցելու և իր խանական լծի տակ դնելու ալիևյան մարմաջը անիրականանալի ցնորք է, որի հետևից գնալը կործանարար կլինի հենց Ադրբեջանի համար:

Ցավակցում ենք մեր զոհված քաղաքացիների ու զինծառայողների ընտանիքներին և կիսում հարազատների վիշտը:

Զորակցություն ենք հայտնում մեր բանակի զինվորներին, սպաներին ու հրամանատարներին, վստահ ենք մեր բանակի ուժին»: