Դատելով Սիրիայում ահաբեկիչներին հասցվող ռուսական բանակի հարվածների աշխարհագրությունից և հյուսիսային ուղղությամբ սիրիական զինված ուժերի հարձակումից՝ ամենայն հավանականությամբ նպատակ է դրված իսլամիստների խայտաբղետ խմբավորումներին սեղմելու թուրք-սիրիական սահմանին և նույնիսկ ստիպելու դրանց հատել այն, ինչն ակներևաբար լրացուցիչ լարվածության պատճառ է դառնալու ռուս-թուրքական արդեն իսկ զգալիորեն խաթարված հարաբերություններում:
Ակնհայտ է նաև, որ Ռուսաստանը սիրիական քրդերին ևս դիտարկում է որպես հակաահաբեկչական գործողություններում իր հնարավոր դաշնակից և ձգտելու է միավորել կամ առնվազն համակարգել Բաշար ալ-Ասադին հավատարիմ բանակային ուժերի և քրդական աշխարհազորային միավորումների ռազմական ներուժը՝ ամրապնդելով և ընդլայնելով ահաբեկիչների դեմ պայքարի ճակատը:

Մյուս կողմից՝ չի բացառվում, որ որպես ռուսական ակտիվ միջամտության չեզոքացմանն ուղղված քայլ ամերիկյան կողմը փորձի խաղարկել «արտառոց» սցենար՝ օժանդակություն տրամադրելով իրականության մեջ «Քրդստանի բանվորական կուսակցության» ռազմական թևի ճյուղավորում հանդիսացող սիրիական քրդերի զինուժին, որպեսզի վերջինս հյուսիսից հաջող հարված հասցնի «Իսլամական պետության» մայրաքաղաք հորջորջվող Ռակկային, այսպիսով փրկելով ամերիկացիների դեմքը, ինչն այս դեպքում էլ հանգեցնելու է թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատելի լարման, քանի որ «ՔԲԿ»-ին տրամադրվող ցանկացած օժանդակություն թուրքական քաղաքական վերնախավի համար մղձավանջային հեռանկար է բացում:

Նման հնարավոր պայմաններում զգալիորեն կրճատվելու է Արևելք-Արևմուտք հակասությունների վրա պարբերաբար խաղացող Թուրքիայի ներկայիս վարչակարգի մանևրելու տիրույթը, եթե այն ընդհանրապես չի դադարի գոյություն ունենալուց, և որքան էլ տարօրինակ թվա, դրա ճակատագիրը պայմանավորված է լինելու նախևառաջ սիրիական քրդերի դիրքորոշմամբ:

Վարդան Ոսկանյան՝ ֆեյսբուք