Ընդունված կարծիք է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի և ՀՀ սահմանային գոտում սրում է իրավիճակը կախված երկրի ներսում տեղի ունեցող իրադարձություններից: Սպասվում է, որ մեր հարևան երկրում սպասվելիք ընտրություններից հետո հնարավոր է իրավիճակը ավելի լարվի: Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց հայ իրավաբան, պատմաբան և դիվանագետ Արա Պապյանի հետ: 

- Միանգամայն հնարավոր եմ համարում նման բան, որովհետև չեմ կարծում առանց խախտումների անցնեն ընտրությունները: Բնականաբար, Ադրբեջանի ժողովրդի մեջ էլ դժգոհություն կառաջանա ընտրությունների կեղծման հարցի շուրջ: Որպես կանոն, ցանկացած իշխանություն արտաքին վտանգի սպառնալիքը թեժացնում է, որպեսզի հնարավորություն լինի ներքին ընդիմության բերանը փակել և ճշնել: Շատ հնարավոր է, որ վիճակը ավելի լարվի: Այս տարիների հակամարտության փորձը նաև այն է ցույց տալիս, որ եթե մի աստիճան սրվում է իրավիճակը, ապա այն մնում է այդ մակարդակի վրա կամ ավելի բարձր, հետ չի գնում, ցավոք սրտի:

Եվ ինչի՞ կհանգեցնի այս լարվածությունն այս անգամ:

- Եթե խոսքը գնում է նրա մասին, որ մեծ պատերազմ լինի, ես չեմ կարծում, որովհետև Ադրբեջանը նման խնդիր չի դնում. իրեն պետք չէ: Հիմա գնդակոծում է մեր սահմանամերձ գյուղերը, որպեսզի դրանք դատարկվեն, հետո՝ հաջորդ քայլով կխորացնի այդ խոցման աստիճանը: Այսինքն, ոչ թե անմիջապես սահմանին գտնվող գյուղերը կգնդակոծի, այլ մի քանի կիլոմետր խորքի վրա: Արդեն կսկսի հրետանի կամ հրթիռներ օգտագործել: Ադրբեջանի խնդիրն է՝ մաշեցնելով սպառել Հայաստանը, մարդաթափ անել: Իր խնդիրը Ղարաբաղը չէ, այն վերանվաճելը չէ: Նա չի կարող ուղղակի պատերազմի ժամանակ այն նվաճել: Ինքը պետք է մարդաթափ անի, թուլացնի, որ կարողանա ստանալ Ղարաբաղը:

Եվ սա, ըստ Ձեզ, հաջողվո՞ւմ է Ադրբեջանին:

- Իհարկե, հաջողվում է. տարեկան 40 000 մարդ է Հայաստանից արտագաղթում: Դա, իհարկե, միայն արտաքին խնդիրը չէ՝ Ադրբեջանի խնդիրը, նաև մեր վատ կառավարման խնդիրն է, բայց արդյունքը մնում է արդյունք: Այսինքն, պատերազմի մշտական վտանգը, գումարած վատ կառավարումն ու համատարած կաշառակերությունը երկրում բերում է ներդրումների էական կրճատման, կապիտալի արտահոսքի, ուղեղների արտահոսքի, ծնելիության անկման և լիքը այլ վատ բաների: