Նախագահ Սերժ Սարգսյանն օրերս ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Թե ինչպիսի ազդեցություն ունեցավ համանախագահների այցը տարածաշրջան, YerevanNews.am-ը փորձեց պարզել քաղաքագետ Սերգեյ Մինասյանից: 

- Միանշանակ դրական այն առումով, որ յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր քայլ, որը ուղղված է բանակցային գործընթացի շարունակությանը միայն կարելի է ողջունել: Նաև պետք է հասկանանք, որ տեսանելի ապագայում որևէ բեկում կամ լուրջ առաջխաղացում բանակցային գործընթացում մենք չենք ունենա:

Ուորլիքը նշել էր, որ այցի հիմնական նպատակը նախագահների հանդիպումը կազմակերպելն է:

- Դա գլխավոր պատճառն է այցելության, բայց ընդհանրապես Մինսի խմբի գործունեությունը կարևոր է, որովհետև թույլ է տալիս գոնե ձևական առումով բանակցությունների համար գործընթացը շարունակել:

Ըստ Ձեզ մինչև տարեվերջ հանդիպումը տեղի կունենա՞:

- Չեմ կարող ասել, որովհետև տարբեր խնդիրներ են դրա վրա ազդում. սկսած Ադրբեջանի ներսում ներքաղաքական իրավիճակից, վերջացրած այն զարգացումներով, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում շփման գծում:

Իսկ նախագահների հանդիպումից որևէ դրական ազդեցություն ակնկալել կարելի՞ է:

- Նույն ձևով ինչ Մինսկի խմբի գործունեությունը: Այսինքն, կողմերը տեսանելի ապագայում ի վիճակի չեն գնալու ինչ-որ լուրջ փոխզիջումների, բայց մյուս կողմից նաև Ադրբեջանը դեռ ի վիճակի չէ վերսկսել լայնածավալ գործողություններ, հետևաբար, այդ ֆոնի վրա գոնե ձևական հանդիպումներ եթե լինի, թե նախագահների մակարդակով, թե արտգործնախարարների կամ քաղաքացիական հասարակության ֆորմատով, միայն ողջունելի է: