Ինչպես հայտնել ենք, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տարածել է մի տեսանյութ և հատարարել, որ իրենք են Եգիպտոսում ռուսական օդանավի կործանման հեղինակները: Չնայած սրան, կարծիքները հակասական են: Այս թեմայի շուրջ YerevanNews.am-ը զրուցեց արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ, ով ասաց.

- Քանի որ խնդիրը տեխնիական ուսումնասիրության հետ է կապված իրականում բավականաչափ բարդ է գնահատականներ տալ, թե որն է նման գործողության պատճառը: Ամեն դեպքում, ես իմ գնահատակը տալիս եմ զուտ տրամաբանական եզրահանգումների արդյունքում և ոչ ավելին: Փորձագիտական շրջանակներում բավական լուրջ կասկածներ կան, թե արդյո՞ք «ԻՊ»-ն տիրապետում է այն զենիթահրթիռային համակարգերին, որոնք ընդունակ են 10 կմ հեռավորությամբ թիրախներ խոցելու: Սա մեկ: Երկրորդը. եթե «Իսլամական Պետությունն» է խոցել այս ինքնաթիռը, ապա ես չեմ կարող պնդել, որ նրանք նախապես տեղեկացված են եղել, որ դա ռուսական ինքնաթիռ է: Այսինքն, եթե անգամ նրանք են խոցել, ապա միայն խոցելուց հետո են պարզել, որ ռուսական է և պատասխանատվության վերաբերյալ իրենց հայտարարությունը ներկայացրել են այդ տեքստի ներքո: Եվ երրորդը, որը ավելի ճշմարտությանը մոտ եմ համարում. առիթից օգտվելն է և ստեղծված իրավիճակում պատասխանատվության ստանձնելը: Հաշվի առնելով, որ այսօր ավիավթարների հետ կապված բավական բարդ է վերջնական ճշգրիտ ինֆորմացիա ստանալը, կառույցը օգտվել է իրավիճակից նաև հաշվի առնելով այն աշխարհագրական տեղանքը, որտեղ ընկել է ինքնաթիռը և այն հանգամանքը, որ Ռուսաստանը գործողություններ է իրականացնում, փորձել է պարզապես օգտվել առիթից և քարոզչական արշավ սկսել՝ ստանձնելով պայթյունի պատասխանատվությունը:

Իմ կարծիքով այդ երեք ուղղություններն են:

Այսինքն, նման հայտարարության նպատակը քարոզչությո՞ւնն է: 

- Բնականաբար, առաջին հերթին քարոզչությունը, որովհետև մենք գիտենք, որ այս կառույցի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը դա է:

Սիրիայում արդեն մեկ ամիս է ՌԴ-ն գործողություններ է իրականացնում, և նրանք պարբերաբար հայտնում են «ԻՊ»-ի դեմ ջախջախիչ հաջողություններ արձանագրելու մասին, և հանկարծ, «ԻՊ»-ն պատասխան գործողություն է իրականացնում ոչ թե նույն Սիրիայի տարածքում, այլ Եգիպտոսի տարածքում: Սա քարոզչական բավական լուրջ հնարավորություններ է ընձեռում այս կառույցին, որպեսզի նախ ամբողջ մուսուլմանական աշխարհում ընդգծվի կառույցի լայն հնարավորությունները, և մյուս՝ ահ ու սարսափ տարածելու ինչպես Ռուսաստանի, այնպես էլ իրենց դեմ պայքարող այլ պետությունների շրջանում՝ ցույց տալով, որ կառույցը կարող է հաշվեհարդար տեսնել ոչ այնտեղ, որտեղ նրանք սպասում են:

Իսկ «ԻՊ»-ն չի վախենում Ռուսաստանի կողմից ավելի ուժգին պատասխանից:

- Իմ կարծիքով, Ռուսաստանը «ԻՊ»-ին հարվածում է իր հնարավորությունների առավելագույն սահմանում: Բավական բարդ է այս կառույցի դեմ պայքարելը, քանի որ պայքարի թիրախները հիմնված են հետախուզական տվյալների վրա, իսկ դրանք սահմանափակ են: Այսինքն, եթե ռուսական օդատիեզերական ուժերի 1-ին ամսվա հաջողությունները պայմանավորված են մեծաթիվ հետախուզական տվյալների առկայությամբ, ապա հետագայում մենք ականատես կլինենք ակտիվության աստիճանական նվազման, որովհետև «ԻՊ»-ն և առհասարակ Սիրիայի տարածքում գործող հակակառավարական այլ խմբավորումները կփոխեն իրենց մարտավարությունը: Այսինքն, կփորձեն ավելի զգույշ գործել, իրենց գործողություններն իրականացնել քաղաքացիական բնակչության վահանի ներքո և այլն: