Հայաստանը ՆԱՏՕ-ին համագործակցում է 1992թ-ից և այս ժամանակահատվածը քիչ չէր, որպեսզի հարաբերությունների զարգացումը առավել բարձր մակարդակի հասցվեր, քան կա այսօր։ Այս մասին այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ասաց Երևանում կազմակերպված «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. Նոր նպատակներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ:

Պատգամավորը նշեց. «Հայաստաննը ՆԱՏՕ-ին բացի ռազմական ոլորտից, համագործակցում է նաև տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով։ Թե համատեղ ինչ ծրագրեր են իրականացվում, պետք է հասարակությանը համապատասխան կարգով իրազեկել։ Պետք է աշխատանքներ տանենք հանրային իրազեկումը բարձրացնելու ուղղությամբ»։

Խաչատուր Քոքոբելյանը խոսեց նաև ՀԱՊԿ-ի պահվածքի մասին հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին։ Նա մասնավորապես ասել է. «Ավելի նողկալի բա չկա, քան այն, որ մեր քաղաքական գործիչները փորձում են արդարացնել ՀԱՊԿ-ի անգործությունը կապված հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ։ Երբ դա անում են ռուս գործիչները, բնական է, բայց բավ է, մենք պետք է մտածենք մեր պետության մասին»։

Պատգամավորը շեշտեց, որ Ռուսաստանը վերջին տարիներին զինում է Ադրբեջանին, ինչին պետք է ուշադրություն դարձնեն նաև ՆԱՏՕ-ի գործընկերները։ Թե՛ ղարաբաղյան կոնֆլիկտը, թե՛ տարածաշրջանի փխրուն անվտանգությունը, այն վիճակն է, որ արագ բռնկման արդյունքում կարող է դառնալ մոլորակի ամենատաք կետերից մեկը»: