«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Գյումրիում այս տարվա հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով մեղադրյալ, ՌԴ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի գործը առաջիկա օրերին կուղարկվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները նախաքննության ավարտից հետո մի քանի միջնորդություններ էին ներկայացրել: Մասնավորապես, միջնորդել են, որ ստուգվի այն հանգամանքը, թե արդյոք ինչ-որ կրոնական կազմակերպության անդամ լինելը կարող էր դրդել Պերմյակովին գնալ այդ քայլին:

Հիշեցնենք, որ ողբերգությունից հետո հայտնի դարձավ, որ Վալերի Պերմյակովի հայրը` Պավել Պերմյակովը, «Հույս, հավատ, սեր» աղանդավորական եկեղեցու հոգևոր հովիվն է: Մեր տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում այս հանգամանքի վրա ուշադրություն չի դարձվել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: