«168 ժամ» թերթը զրուցել է Վրաստանի պետական համալսարանի պրոֆեսոր, Էքստրեմալ լրագրության մոսկովյան կենտրոնի հիմնադիր ղեկավար, վերլուծաբան Օլեգ-Սանդրո Պանֆիլովի հետ:

Իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակում, և Ռուսաստանի հակամարտություններն Արևմուտքի հետ բոլոր գոտիներում անդրադառնում են նաև Հայաստանի վրա: Ինչպե՞ս կարելի է խուսափել, ըստ Ձեզ՝ այս իրավիճակից:

Ես կասեի, որ պետք չէ ասել՝ ռազմավարական գործընկեր, քանի որ Հայաստանը չի կարող Ռուսաստանի ռազմավարական գործընկերը լինել ՌԴ ներկայիս քաղաքականության դեպքում: Հայաստանը վերջին տասնամյակում դարձել է ռուսական պրոպագանդայի զոհը, և, ցավոք սրտի, ինքն իրեն միացրել է Ռուսաստանի տնտեսական գոտուն: Սակայն Հայաստանում տեսնում եմ, որ ավելի ու ավելի են շատանում քաղաքական ուժերը, որոնք Հայաստանի խնդիրը համարում են Ռուսաստանի հետ հարաբերությունները, ուստի խոսում են ինքնուրույն քաղաքականության անհրաժեշտության մասին: Ինձ թվում է, որ Հայաստանը ներկայումս պետք է սկսի մտածել առաջին հերթին՝ տարածաշրջանային քաղաքականության և Կովկասյան քաղաքականությունում սեփական դերակատարման մասին: Պատերազմները, վերջիվերջո, ավարտվում են, առավել ևս՝ այն պատերազմները, որոնք բռնկվել են արտաքին հրահրմամբ: Ուստի վաղ թե ուշ Հայաստանն ընդհանուր լեզու կգտնի և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, և կդառնա արժանի երկիր ժամանակակից աշխարհում, բայց դրա համար Ռուսաստանի հետ նման հարաբերությունները պետք է դադարեցնել:

Ուկրաինան փորձեց դա անել, այդ հարցում Արևմուտքը, ըստ ուկրաինացի փորձագետների, այնքան էլ արագ չարձագանքեց և աջակցություն ցուցաբերեց: Ըստ Ձեզ` Հայաստանն ինչպե՞ս կարող է Ձեր նշած ծրագիրն իրականացնել:

Իմ համոզմամբ՝ դրա համար Հայաստանին անհրաժեշտ է պարզապես քայլ առաջ անել: Ցավոք սրտի, հայաստանյան պրոպագանդան ևս մեղավոր է, որ հակամարտությունը չի կարգավորվում: Անհրաժեշտ է փնտրել զիջումներ, քայլեր իրականացնել, ինչ-ինչ բաներից հրաժարվել, ինչ-ինչ հին սկզբունքներից: Հայաստանը երբեք ինքնուրույն արբանյակ չի դառնա, Հայաստանը մշտապես ապրելու է Վրաստանի և Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև, ուստի հնարավոր չէ անկլավի կարգավիճակում ապրել այստեղ՝ մեկուսացած աշխարհից, և ընկերություն անել Ռուսաստանի հետ, որն ունի միայն աշխարհաքաղաքական շահեր, և հատկապես ժամանակակից Ռուսաստանի հետ, որտեղ զարգանում է ֆաշիզմը, չեմ կարծում, որ դա լավ հեռանկար է Հայաստանի համար:

Հրաժարվել Ղարաբաղից, դա՞ նկատի ունեք:

Ես չեմ կարծում, որ դրա համար կտրուկ պայմաններ են անհրաժեշտ, ինչպես նշեցիք Ղարաբաղից հրաժարվելը: Ղարաբաղյան հակամարտությունում պարզապես կոմպրոմիսային տարբերակ պետք է գտնել ու հնարավոր է գտնել: Գլխավորը քայլ առաջ կատարելն է: Կարծում եմ` Հայաստանում շատ լավ են հասկանում, որ քայլ առաջ կատարել թույլ չի տալիս Կրեմլը: Երբ Ռուսաստանը դադարի մասնակցել բանակցություններին, կամ կողմերը հրաժարվեն ռուսական միջնորդությունից, հեռանկարներ այս հակամարտությունն ունի, և անհրաժեշտ է ամեն դեպքում հիշել, որ կա ընդհանուր մշակույթ, պատմություն, երաժշտություն, խոհանոց, որը միավորում է կովկասյան ժողովուրդներին:

Ուկրաինական ճգնաժամի ընթացքում հայաստանյան փորձագետները բազմիցս են քննարկել` Ուկրաինան կարող է ուղենիշային դառնալ Հայաստանի համար: Շատերի եզրակացությունն այն էր, որ Հայաստանը չի կարող անցնել նույն ճանապարհը, ինչ Ուկրաինան, քանի որ Հայաստանն ավելի խոցելի է:

Ես կասեի, թե ինչ կարելի է անել: Գլխավոր քայլը ռուսական հեռուստաընկերությունների մատչելիությունը սահմանափակելն է: Իսկ դրանից կես տարի անց հասարակությունը կառողջանար, ինչպես մեզ մոտ՝ Վրաստանում, 2008թ.-ից, երբ անջատեցինք այդ հեռուստաալիքները, և հինգ տարվա ընթացքում հասարակությունն առողջացավ, սկսեց ինքնուրույն մտածել: Եթե ՀՀ իշխանությունները դիմեն այդ քայլին, անմիջապես կզգան, որ մարդիկ սկսում են մտածել սեփական ուղեղով և ոչ նրանով, ինչ թելադրում են ռուսական հեռուստաալիքները: Սա շատ կարևոր է Հայաստանում ճիշտ հանրային կարծիքի ձևավորման համար, որը պետք է հետագայում երկրի արտաքին ուղին կերտի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: