Թուրք դատախազներն Իզմիրում և Անկարայում մի շարք գիտնականների մեղադրանք են առաջադրել, ովքեր ստորագրել էին մի հայտարարության տակ, որով դատապարտում էին ռազմական գործողությունները երկրի հարավարևելյան շրջաններում: Մեղադրանքի հիմքում ընկած է Թուրքիայի քրեական օրենսգրքի (TCK) 302-րդ տխրահռչակ հոդվածը, որով քրեական պատիժ է սահմանվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր «խանգարում են միասնությունը պետության և գործում են երկրի ամբողջականության դեմ»:

Այս հոդվածը նույն 301 հոդվածն է, որը գործում էր մինչև 2008 թ.: Պարզապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ազդեցության տակ՝ քրեականացված «թուրքական արժանապատվությունն անարգելու համար» տողերը բարեփոխումների արդյունքում փոխարինվել են «թուրք ազգի, Թուրքիայի Հանրապետության, Թուրքիայի խորհրդարանի, Թուրքիայի կառավարության դեմ ակնհայտ քայքայիչ գործողություններ ծավալել» տողերով:

Ի դեպ, 301 հոդվածով է դատապարտվել նաև Հրանտ Դինքը, ով «Ակոս»-ի գլխավոր խմբագիրն էր և սպանվել էր Ստամբուլի Շիշլի թաղամասում՝ իր գրասենյակի շենքի առջև, 2007թ.-ի հունվարի 19-ին, 17-ամյա Օգյուն Սամաստի կողմից:
Անկարայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ երկրի տարբեր նահանգներում արդեն հարուցվել են քրեական գործեր՝ 301 (ահաբեկչական կազմակերպության համար տարվող քարոզչություն) և 302 (երկրի միասնության ու պետականության դեմ գործել) հոդվածներով:
302-րդ հոդվածով է դատապարտված, ցմահ ազատազրկված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:
Հայտնի փաստաթղթի տակ ստորագրել են 1200 գիտնական, սակայն քրեական գործ է հարուցվել դեռևս 37-ի նկատմամբ: Հայտնի փաստաբան Արիֆ Ալի Չինգին հայտարարել է, որ այս հոդվածներով քր. գործ հարուցելն արդեն մարդու իրավունքների կոպիտ խախտում է:
Հայտնի փաստաթղթի տեքստում կա մեկ տող, որը հարուցել է թուրքական իշխանության զայրութը.
«Կոչ է արվում Թուրքիայի իշխանությանը անհապաղ դադարեցնել կոտորածը երկրի հարավարևելյան նահանգներում»:

«Այս հոդվածով քր. գորց հարուցելը և դատապարտելը կլինի ճակատագրական սխալ թուրքական իշխանության համար, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կընկնի Էրդողանի վարչակազմի վրա: Սա ես ասում եմ՝ որպես իրավագետ»,- ասել է հայտնի փաստաբանը:

Կիլիկիա Հայաստան (Կիլիկիան)