Վրացական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և իր վրացի պաշտոնակցի առանձնազրույցը, որին հաջորդեց պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Այնուհետև երկու երկրների պաշտպանական գերատեսչություններում միջազգային համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2016թ. ռազմական համագործակցության ծրագիրը: 2010թ. ի վեր պլանային հիմունքներով իրականացվող երկկողմ ռազմական համագործակցության ամենամյա ծրագրի այս տարվա հիմնական ուղենիշներն են փորձի փոխանակումը խաղաղապահության, ռազմական կրթության, մասնագիտական վերապատրաստման և ռազմավարական պլանավորման ոլորտներում:

Պաշտպանության նախարարությունում վրացական պատվիրակության հյուրընկալումը եզրափակվեց Ս.Օհանյանի և Թ.Խիդաշելիի համատեղ մամլո ասուլիսով: