Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ զինված ուժերի զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Առաջադրվում են նոր խնդիրներ` ուսումնական գործընթացի պահանջները լիարժեքորեն ու սահմանված ժամանակահատվածում կատարելու համար: Այս ամենի արդյունքում է կրթվում ու դաստիարակվում հայ զինվորը՝ որպես հայրենիքի պաշտպան, կատարելագործվում են նրա մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ամրապնդվում է զինծառայողի մարտունակությունը:

Ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ զինծառայողներին իր բարեմաղթանքները հղելու նպատակով փետրվարի 15-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադ էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Շնորհավորելով զինանձնակազմին` Սեյրան Օհանյանը նշել է, որ հայկական զինված ուժերը օրըստօրե կատարելագործում են իրենց մարտավարամասնագիտական կարողությունները: Յուրաքանչյուր խնդրի մեջ գաղափար ներդնելով` հայկական բանակում վերջնականապես ձևավորում է գաղափարական դաստիրականության այն ուրվագիծը, որի հիմքում պատրաստության հետ մեկտեղ յուրաքանչյուր զինծառայողի անցմնացորդ նվիրվածությունն է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստել է, որ ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների, ՀՀ շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի և առկա մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է ազգային և միջազգային երաշխիքների համադրմամբ ապահովել ընդհանուր անվտանգության մակարդակը, իսկ այդ գործում իր ուրույն դերն ունի խաղաղապահ զորախումբը: Ըստ Սեյրան Օհանյանի` հայկական զինուժը խաղաղապահ առաքելություն առաջին հերթին իրականացնում է պետական սահմանում, և այդ փորձն է, որ հայոց բանակին հնարավորություն է տալիս երկրագնդի տարբեր հատվածներում նոր հաջողություններ արձանագրել, ապացուցել, որ հայկական զինուժը ոչնչով չի զիջում աշխարհի առաջատար բանակներին:

Համոզմունք հայտնելով, որ մեկնարկած նոր ուսումնական տարին ոչ միայն կամրապնդի նախկինում ձեռք բերվածը, այլև առավել կբարձրացնի զինված ուժերի մարտունակությունը, ԶՈՒ խաղաղպահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանն էլ հավաստել է, որ խաղաղապահ բրիգադը զինծառայողների արհեստավարժությունը առավել բարձրացնելու և միջազգային ասպարեզում նոր հաջողություններ արձանագրելու համար 2016 ուսումնական տարում իր համար որդեգրել է «Կերտում եմ խաղաղություն, պատրաստ լինելով պատերազմի» կարգախոսը, ուստի խաղաղապահները ջանք ու եռանդ չեն խնայելու առաջադրված խնդիրները պատշաճ մակարդակով կատարելու համար:

Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել նաև ԶՈւ ավիացիոն զորամասերից մեկում, որին ներկա է եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Համոզմունք հայտնելով, որ մեկնարկած ուսումնական տարին կամրապնդի նախկինում ձեռք բերվածը, Յուրի Խաչատուրովը զինծառայողներին մաղթել է նորանոր նվաճումներ, ձեռքբերումներ և հաջողություններ: ԶՈւ ԳՇ պետն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայողի պարտքն է միացյալ ուժերով ուսումնական տարին ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության ամրապնդման, ինչի գրավականը անհատական մարտական պատրաստության աստիճանն է: