Փետրվարի 18-ին բաց դռների օր է անցկացվել Հայաստանի ռուսական ռազմակայանում: Միջոցառումը «Կա այսպիսի մասնագիտություն՝ պաշտպանել Հայրենիքը» համառուսաստանյան տեղեկատվական-քարոզչական ակցիայի շրջանակներում անցկացվել է Գյումրիում՝ «Մեծ ամրոց» զինվորական ավանի բազայում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, միջոցառմանը մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության դպրոցների շուրջ 150 սովորողներ, ՌԴ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև վետերանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հյուրերին հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու զինծառայողների կենցաղի ու ծառայության, զորամասի ուսումնանյութական բազայի հետ, այցելել «Ռազմական փառքի» և «Պատվո բլուր» հուշահամալիրներ, զորամասի թանգարան և տեսնել սպառազինության, ռազմական տեխնիկայի ու հանդերձանքի ժամանակակից նմուշներ:

Զորամիավորման վարժահրապարակում կազմակերպվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշների ցուցահանդես, որտեղ ներկայացված են, մասնավորապես, «Վագր» զրահամեքենաներ, ռադիոէլեկտրոնային պայքարի «Ինֆաունա» համալիր, ՌՔՄ-6 հետախուզական քիմիական մեքենա, համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ համակարգ և այլն: Զինծառայողները հյուրերին ցուցադրել են հրաձգային զենքի նմուշներ, «Պերմյաչկա» և «Ռատնիկ» նորագույն հանդերձանքի լրակազմեր:

Տոնական միջոցառումն ավարտվել է հանդիսականների առջև ռազմակայանի զինվորական նվագախմբի ելույթով և հյուրերին զինվորական շիլայի հյուրասիրմամբ: