Արդեն հաշված ժամեր անց՝ շուրջ 5 տարի քաղաքացիական պատերազմի հորձանուտում խեղդվող Սիրիայում պետք է որ հաստատվի հրադադարի ռեժիմ. մինչդեռ ի՞նչ ծավալի ընդգրկում, որքան տևողություն, ինչպիսի արդյունավետություն այն կունենա, միայն Աստծուն է հայտնի:

Ինչ խոսք, մարդկային քաղաքակրթության զարգացման՝ անընդհատ թմբկահարվող նման բարձր մակարդակ արձանագրած դարաշրջանում ապրող ցանկացած զգացական արարածի համար անչափ դժվար է ամեն օր ականատես լինել մի ամբողջ ժողովրդի՝ անընդհատ շարունակվող ողբերգության, նմանը չունեցող բազմազան քաղաքակրթության ոչնչացման պրոցեսի, միլիոնավոր խեղված մարդկային ճակատագրերի, անորոշ ապագայով, ժպիտը կորցրած, անօգնական մանուկների «ծերացած» հայացքների...
Մինչդեռ ներսումդ ապրող նույնչափ քաղաքակրթված բանական էակն էլ մյուս կողմից նախանձելի հանգստությամբ պնդում է՝ պետք չէ ավելորդ պատրանքով ապրել, մարդկության պատմությունը նաև նման ողբերգությունների պատմություն է, որոնք ուղեկցել են աշխարհին՝ իր ընթացքի բոլոր ժամանակային հանգրվաններում...
Եվ ահա, ներսում ունենալով նման իրարամերժ զգացողությունների անզիջում «պայքար», որպես փորձագետ նույնպես դժվարանում եմ կանխատեսել՝ ինչպիսի ընթացք կունենա Սիրիայում հաստատվելիք հրադադարի ռեժիմը, ինչպիսի արդյունավետություն կարձանագրի, կամ...

Եթե անկեղծ, ապա այս անգամ նույնիսկ չեմ էլ ուզում կանխատեսել, պարզապես ցանկանում եմ, շատ եմ ցանկանում, որ հնարավորինս արագ Սիրիա պետությունն ու սիրիացի ժողովուրդը վերագտնի խաղաղ ու անվտանգ ապագային տանող բնականոն հունը...

Արմեն Պետրոսյան