ՀԱՀԳԲ-ի «ՎԱՆ» օպերացիա

1981թ. այս օրը 20-24 տարեկան չորս հայ երիտասարդներ (Վազգեն Սիսլյան, Արամ Պասմաճյան, Հակոբ Ջուլֆայան և Գևորգ Կյուզելյան), զինված ատրճանակներով, ինքնաձիգներով և պայթուցիկներով, գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը, 15 ժամ պահեցին իրենց հսկողության տակ:

ԱՍԱԼԱ-ի չորս մարտիկները տարբեր կուսակցություններից էին. խմբակի ղեկավարն ու փոխղեկավարը Վազգեն Սիսլյանն ու Գևորգ Կյուզելյանը հնչակյան կուսակցության անդամ էին, Արամ Պասմաճյանը դաշնակցական էր, իսկ Հակոբ Ջուլֆայանը՝ անկուսակցական:
Սկսվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) «Վան» գործողությունը, որը կոչված էր պատմական դառնալու հայկական ազգային ազատագրական շարժման տարեգրության մեջ: Պատմական էր դառնալու նաև չորս տղաների դատավարությունը:

Առավոտյան ժամը 10-ին երկու խմբով (Գևորգ Կյուզելյան-Արամ Պասմաճյան, Վազգեն Սիսլյան-Հակոբ Ջուլֆայան) տղաներն ուղևորվեցին դեպի «Բալզակ» սրճարան՝ այստեղ հանդիպելու և հյուպատոսարան մտնելու։

10-ն անց 55-ին երկու խմբերը հանդիպեցին և վերափոխվելով (Վազգեն-Արամ և Գևորգ-Հակոբ)` ժամը 11-ն անց 15-ին մուտք գործեցին հյուպատոսարան։ Յուրաքանչյուրն իր որոշակի տեղը գրավեց։ Վազգենը ծածկեց դուռը, Արամը, ռումբը ցույց տալով գոռաց, որ հյուպատոսարանը գրավված է ԱՍԱԼԱ-ի «Եղիա Քեշիշյան անձնասպանական քոմանտո»-ի կողմից։

Գևորգը նույնը կրկնեց ֆրանսերեն։ Մի թուրք ոստիկան հարձակվեց Գևորգի վրա, փոխադարձ կրակոցներ եղան, որի պատճառով ոստիկան սպանվեց (նա միակ զոհը եղավ)։ Մյուս թուրք պահակները զինաթափվեցին։ Գևորգը զանգահարեց մի շարք թերթերի և լրատվական գործակալությունների, հաղորդելով, որ գործողությունն իրականացնում է ԱՍԱԼԱ-ն՝ առաջնորդվելով քաղաքական նկատառումներով, հյուպատոսարանը գրավված է և 59 պատանդներ գտնվում են խմբի տրամադրության տակ։

Լրատվական գործակալություններն առաջին պահին չհավատացին, որովհետև հինգհարկանի շենքի երկրորդ հարկում գտնվող հյուպատոսարանի գրավումը չորս մարդու կողմից պարզապես անհավանական էր թվում, մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ շենքն ամբողջությամբ ֆրանսիական ոստիկանության հսկողության տակ էր, իսկ բուն հյուպատոսարանը հսկում էին նաև թուրք պահապանները։

Ֆրանսիական "AFB" լրատվական կենտրոնից պատասխանեցին, որ Փարիզում ցանկացած հաստատություն տեսականորեն հնարավոր է գրավել, սակայն թուրքական և իսրայելական հյուպատոսարաններն անգամ տեսականորեն հնարավոր չէ գրավել։ Գործողության սկզբից մոտ մեկ ժամ հետո լրագրողները Հոսման փողոցում էին։

Այդ ընթացքում ֆրանսիական ոստիկաններից մեկը, շենքի hետնամուտքից ներս մտնելով, կրակել էր Վազգենի վրա և նրան վիրավորել: Վազգենը դիմադրել էր, նրան hետ քաշվել ստիպել։ Հակոբը նույնպես վիրավորված էր, և նրա վերքերը ծանր էին։ Պատանդների մեծ մասի հսկողությունն իրականացնում էր Արամը, իսկ մյուս մասինը` Վազգենը, որը նրանց պատմում էր հայ ժողովրդի պայքարի և 1915 թվականի ջարդերի մասին։

12:00. կոմիսար Բրյուսարը` ֆրանսիական ոստիկանության ամենահմուտ մասնագետներից մեկը, հեռախոսով ցանկացավ բանակցել։ Պատուհանից ներքև նետվեցին թղթեր, որոնք ներկայացնում էին խմբի պահանջները։ Իսկ պահանջները միայն ու միայն քաղաքական էին` ազատել թուրքական բանտերում գտնվող ինչպես հայ, այնպես էլ քուրդ և թուրք քաղաքական բանտարկյալներին։

12:15. պատանդներից մեկը մոտենում է պատուհանին, մի նամակ է նետում ներքև և հայտնում, որ այս գրությունը ոստիկանության համար է։ Փողոցն արդեն շրջափակված է երկաթե անցարգելներով։ Հյուպատոսարանի դիմացի մայթին թղթակիցներ են հավաքվել։

13:00. երկրորդ անգամ պատանդներից մեկին կթելադրվի մոտենալ պատուհանին և մի նոր նամակ գցել ներքև` այս անգամ թղթակիցներին։

12:15. պատանդներից մեկը մոտենում է պատուհանին, մի նամակ է նետում ներքև և հայտնում, որ այս գրությունը ոստիկանության համար է։ Փողոցն արդեն շրջափակված է երկաթե անցարգելներով։ Հյուպատոսարանի դիմացի մայթին թղթակիցներ են հավաքվել։

13:00. երկրորդ անգամ պատանդներից մեկին կթելադրվի մոտենալ պատուհանին և մի նոր նամակ գցել ներքև այս անգամ թղթակիցներին։

13:40. ոստիկանությունը խնդրում է, որ հայդուկները վերին հարկերում գտնվողներին թույլատրեն ներքև իջեցնել։ Տղաները համաձայնում են, սակայն Գևորգը մոտենում է պատուհանին և ոստիկանությանը հայտնում, որ հյուպատոսարանի բոլոր մուտքերում ռումբեր են շարված, ոչ ոք թող չփորձի որևէ հարձակում գործել։

14:20. ֆրանսիացի մի պատանդի դեղեր են հասցվում, որովհետև նա սրտի տագնապ ուներ ու վիճակը ծանր էր:

15:00. ապահովվում է պատանդների երեխաների տունդարձը դպրոցից:

16:00. Վազգենի վիճակը ծանրանում է: Հեռախոսով ոստիկանությունից բժշկական օգնություն է պահանջվում: Ոստիկանությունն այդ պահանջը մերժում է։

16:10. թուրք պատանդներից մեկը մոտենում է պատուհանին և հայտարարում, որ փոխհյուպատոսը վիրավոր է, բժիշկ չուղարկվելու դեպքում կարող է մահանալ, և պատասխանատվությունը կընկնի ոստիկանության վրա։

16:20. բժիշկը գալիս է, սակայն վախենում է և հրաժարվում վերև բարձրանալ։

16:25. կապվում են ոստիկանության հետ և Վազգենի համար «ազիլ փոլիթիք» (քաղաքական ապաստանյալի իրավունք) պահանջում։ Ոստիկանությունը բանակցությունների մեջ է մտնում ներքին գործերի նախարարության հետ:

17:35. «ազիլ փոլիթիքի» մասին պաշտոնական որևէ հայտարարություն չկա: Պատանդներից մեկը մոտենում է պատուհանին և լաց լինելով հայտարարում, որ եթե «ազիլ փոլիթիք» չտրվի, փոխհյուպատոսի և պատանդների կյանքը կվտանգվի։

17:55. ոստիկանությունը ներքին գործերի նախարարության անունից պաշտոնապես հայտարարում է, որ «ազիլ փոլիթիքը» կշնորհվի, եթե փոխհյուպատոսն ազատ արձակվի։

18:20. հեռախոսով ոստիկանության հետ բանակցություն է վարվում Վազգենի հանձնվելու կարգի մասին։ Վերջինս պահանջում է, որ երբ հիվանդանոց հասնի, կարողանա հեռախոսով խոսել ընկերների հետ։ Ոստիկանությունը մերժում է, սակայն քիչ հետո ընդառաջում է։

18:35. Վազգենը հյուպատոսարանից դուրս է ելնում։ Ոստիկանները փորձում են նրան բժշկական շտապ օգնության մեքենա նստեցնել: Բայց Վազգենն ընդդիմանում է, կանգնում մայթին` աջ ձեռքով հաղթանակի V նշանը պարզելով: Գևորգը սպասում է պատուհանի հետևում մի պատանդի հետ։ Վազգենը ցանկանում է գոռալ, բայց չի կարողանում, արյունահոսությունը նրան ուժասպառ էր արել։ Մոտ երկու րոպե մայթին կանգնելուց հետո նա նստում է բժշկական օգնության մեքենան և փոխադրվում հիվանդանոց։

18:50. Վազգենը հիվանդանոցից խոսում է իր ընկերների հետ և ուղղվում վիրահատարան:

19:15. պատանդների համար ուտելիք է պահանջվում:

19:53. սպանված թուրք ոստիկանի դիակը դուրս է հանվում։

21:00. թուրք ցուցարարները փորձում են մոտենալ հյուպատոսարանին: Գևորգը, Արամը և Հակոբը սպառնում են, որ ձեռնառումբ կնետեն: Ոստիկանությունը կասեցնում է ցուցարարների երթը։ Նրանք մոտ երկու հազար են։ Փողոցի հանդիպակաց կողմում հայերն են ցույց անում։

22:10. ոստիկանությունն ուտելիք է բերում։

23:00. ոստիկանությունը մի քանի անգամ բանակցություններ է պահանջում։ Իրադրության տերերը մերժում են։

23:15. պայմանաժամը, որը նշանակել էին տղաներն իրենց պահանջները բավարարելու համար, ավարտվում է։ Թուրք ցուցարարների աղմուկն ավելի կատաղի է դառնում։

23:20. հյուպատոսարանի ներսում կրակոց է լսվում։

Կեսգիշերին ներսից հաղորդում են, որ ևս մեկ վիրավոր պատանդ ցանկանում է հանձնվել, և որի համար կրկին «ազիլ փոլիթիք» է պահանջվում։

00:50. ոստիկանությունը հայտարարում է, որ ֆրանսիական կառավարությունը որոշում է ընդունել` երկրորդ մարտիկին ևս քաղաքական ապաստանյալի իրավունք շնորհել:

1:00. ոստիկանությանը հայտարարվում է, որ վիրավոր մարտիկը, ինչպես Վազգենը, պետք է ներքև իջնի և փողոցում մնա: Հակոբ Ջուլֆայանը դուրս է գալիս։ Բազում վերքեր ունենալով` ի զորու չի լինում փողոցում կանգնել։

01:20. Հակոբը հիվանդանոցից հեռախոսով դիմում է իր ընկերներին և ուղղվում վիրահատարան։

01:30. Գևորգը բանակցում է ոստիկանության հետ և մնացած մարտիկների համար նա «ազիլ փոլիթիք» պահանջում։ Ոստիկանությունը հայտարարում է, որ բոլոր չորս մարտիկներին տրված է այդ իրավունքը։ Մնում է միայն որոշել հանձնվելու ձևը։

Ոստիկանությունը պահանջում է, որ նրանք զենքերը վայր դնեն ու դուրս ելնեն։ Գևորգը և Արամը մերժում են այս պայմանը։ Միևնույն ժամանակ պատանդները հայտարարում են, որ եթե մարտիկներն այդ ձևով հանձնվեն, ոստիկանությունն իրենց վրա կրակ կբացի: Ուստի կին պատանդները փորձում են Գևորգին և Արամին շրջապատելով դուրս գալ: Սակայն ոստիկանությունը մերժում է:

Ֆրանսիացի մի պատանդ մոտենում է պատուհանին, խոսում Բրյուսարի հետ և բոլոր թղթակիցների ներկայությամբ խոստում պահանջում, որ ոստիկանությունը չպետք է վնաս հասցնի հանձնվող տղաներին։ Ոստիկանությունը խոստանում է։
02:00. ոստիկանության հետ համաձայնության գալուց հետո մարտիկները 15 րոպեի ընթացքում լիցքաթափում են ռումբերը։

02:20. «Եղիա Քեշիշյան անձնասպանական քոմանտոի» մյուս երկու անդամները ևս հանձնվում են։

Ավելի քան 15 ժամ 59 պատանդ պահելով` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի չորս մարտիկները բանակցությունների մեջ մտան թուրքական կառավարության հետ՝ ֆրանսիական կառավարության միջնորդությամբ: Նրանց պահանջները, բնականաբար, թուրքական կառավարությունը չպետք է ընդուներ:

Առանձնահատուկ էր «Վան» գործողության չորս մարտիկների դատավարությունը, որը կայացավ 1984 թ. հունվարի 24-31-ը: Դա առաջին քաղաքական դատավարությունն էր 1921թ. Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունից ի վեր: Չորս մարտիկների դատավարությունը վերածվեց Թուրքիայի դատապարտության ամբիոնի:

Հայության դատը գերազանց պաշտպանեց Ֆրանսիայում շատ հայտնի փաստաբանների մի համաստեղություն` Լեկլերկ, Թեյջան, Սինյար, Պատրիկ Դևեջյան, Ասլանյան, Փեշտիմալջյան: Դատավարությանը ցեղասպան Թուրքիան դատապարտող ելույթ ունեցավ Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանի այրին` տիկին Մելինեն, որ նախագահից թույլտվություն խնդրեց համբուրելու չորս տղաների ճակատը, ինչին նախագահն ընդառաջեց բացառության կարգով: Ընթերցվեցին նաև Շառլ Ազնավուրի և Անրի Վեռնոյի նամակները:

Ֆրանսիայի դատարանը չորսին էլ դատապարտեց 7 տարի ազատազրկման:
Չորս մարտիկներից բանտից կենդանի դուրս եկավ երեքը՝ Արամ Պասմաճյանը 1985թ. ինքնասպան եղավ: Նա թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը (խորհրդանշական գերեզմանը գտնվում է Եռաբլուրում, հայ անմահների պանթեոնի մուտքին կանգնեցված ԱՍԱԼԱ-ի հուշակոթողի շուքին տակ գտնվող նահատակների խորհրդանշական պանթեոնում):

Վազգենը, Գևորգն ու Հակոբը ազատ արձակվեցին ժամկետից շուտ` 1986թ. օգոստոսին ու վերադարձան Լիբանան: Տարիներ անց, երեքն էլ հաստատվեցին Հայաստանում՝ Գևորգ Կյուզելյանը «Մեծն Մուրադ» ջոկատի հրամանատարությունն ստանձնելով մասնակցեց Արցախյան ազատամարտին: Վազգեն Սիսլյանը նունպես ունեցավ իր ներդրումը ազատագրական մարտերում:

Որո՞նք էին նրանց պահանջները.

1. Անմիջապես ազատ արձակել և Փարիզի օդակայան ուղարկել հայր Մանուել Երկաթյանին և վերապատվելի Հրանտ Կյուզելյանին, ովքեր մշակութային և սոցիալական ծառայություններ էին մատուցել Թուրքիայում բնակվող հայությանը և ովքեր գտնվում էին ազատազրկման մեջ։

2. Անմիջապես ազատ արձակել և Փարիզի օդակայան ուղարկել քաղաքական նկատառումներով Թուրքիայի բանտերում արգելափակված բոլոր հայ բանտարկյալներին։

3. Պաշտոնական երաշխիքներ տալ, որոնք պետք է ապահովեն հայկական բռնագրավված հողերում և Թուրքիայի մեծ քաղաքներում ապրող հայության իրավունքը՝ առանց որևէ կաշկանդման արտահայտելու և զարգացնելու իրենց ազգային, մշակութային և կրոնական ավանդույթները։

4. Պաշտոնական երաշխիքներ տալ, որ միջազգային մշակութային կազմակերպություններին պետք է թույլատրվի մշտական հսկողության և քննության տակ առնել բռնագրավված հայկական հողատարածքներում գտնվող հայկական մշակութային կոթողները։

5. Անմիջապես ազատ արձակել քաղաքական նկատառումներով ձերբակալված և թուրքական բանտերում արգելափակված 5 թուրք և 5 քուրդ հեղափոխական մարտիկներին։

Այս պահանջները, բնականաբար, թուրքական կառավարությունը չպետք է ընդուներ:

Դավիթ Գագիկի Աբդալյանի ֆեյսբուքյան էջից: