Պաշտոնանկությունները սպասելի էին, քանի որ մենք որքան էլ ասենք քիչ թե շատ նորմալ դուրս եկանք այդ 4-օրյա պատերազմից, բայց բացեր կային և դրանք հասարակությունը շատ լավ նկատում էր: Այս մասին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Շատ տարօրինակ է, որ Ադրբեջանը նման լայնամաշտաբ գործողությունների նախապատրաստություն է տեսնում, իսկ մեր հետախուզությունը այդ մասին ոչինչ չգիտեր: Դրա վառ օրինակ ՀՀ նախագահի ասուլիսն էր «Bloomberg»-ի լրագրողի հետ: Նա նշեց, որ իրենք սպասում էին դիվերսիաների, բայց որ նման ծավալների հարձակում կլինի իրենց համար անակնկալ էր: Իսկ անակնկալ էր, քանի որ համապատասխան մարդիկ, ովքեր պետք է այդ ամենով զբաղվեին երևի թե իրենց պարտականություններով չեն զբաղվել: Ես գտնում եմ, որ պաշտոնանկ անելը շատ քիչ է, այդ մարդիկ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, որոնհետև իրենց անգործության և անփութության պատճառով 100 հոգի զինվոր է մահացել:

Երկրորդը՝ պետք է քննվի, թե ուր են գնացել մեր բանակին հատկացված գումարները: Ես գտնում եմ, որ եթե մեր բանակը 80-ականների զենքով է մարտնչում, ապա մեր գեներալներն էլ 80-ականների մեքենաներով պետք է երթևեկեն և մեր պաշտպանության նախարարությունը չպետք է ունենար այդ շքեղ համալիրը: Շատ լավ շենք էր նախորդը՝ 80-ականներին կառուցված, թող նստեին այնտեղ, այդ գումարներով էլ զենք գնեին, հատկապես, երբ մենք ՀԱՊԿ շրջանակներում իրավունք ունենք 30 տոկոսով ավելի էժան զենք գնել»,- ասում է նա:

Քաղաքագետի կարծիքով, հասարակության մեջ առկա հակառուսական տրամադրությունները մի քիչ ուռճացված են և հատուկ ուղղորդված:

«Այն առումով, որ այն մարդիկ, ովքեր պետք է զենք գնեին, հիմա ուզում են այդ ամբողջ մեղքը բարդել ռուսական կողմի վրա: Ռուսաստանը, իհարկե, սխալ է անում, որ Ադրբեջանին այդ քանակությամբ զենք է վաճառում, բայց այստեղ խնդիրն այլ է՝ որտեղ են մերոնք և ինչու զենք չեն գնում: Իհարկե դա բիզնես չէ. եթե բիզնես լիներ հիմա Իսրայելը զենք կվաճառեր Սաուդյան Արաբիային, Իրանին կամ այլ արաբական երկրի, որոնք շատ մեծ ցանկություն ունեն բարձրակարգ իսրայելական զինտեխնիկա գնելու, բայց Իսրայելը ում զենք է վաճառում հատուկ նախապայմաններով է վաճառում, որ այդ զենքը հանկարծ չհայտնվի 3-րդ պետության ձեռքում, առավել ևս թշնամի երկրի: Այնպես որ, զենքի վաճառքը ավելի շատ քաղաքականություն է, քան բիզնես: Խնդիրը հետևյալում է. մենք ՌԴ հետ որևէ պայամանագիր չունենք, որ նրանք կաշկանդվեն զենք վաճառել Ադրբեջանի: Լավ, ենթադրենք վաճառում է, իսկ ինչու մենք՝ այդ նույն ТОС 1, Սմերչ, Իսկանդեր համկարգերը չենք գնում և եթե գնում ենք, ապա ինչու չի օգտագործվում:

Ես գտնում եմ, որ հակառուսական տրամադրություններն էլ շատ մեծ թափի պետք չէ հասցնել, որովհետև դա մեզ կվնասի: Իհարկե, մենք պետք է Ռուսաստանին հասկացնենք, որ ամեն ինչ ունի չափ, բայց այդ համապատասխան կենտրոններից հակառուսական տրամադրությունները ուղղորդելը և բացերը թաքցնելը ևս ճիշտ չէ»,- եզրափակեց նա: