Հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռ.Թ Էրդողանի կողմից Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինին հղված ուղերձի միջոցով մեկնարկեց Անկարայի և Մոսկվայի միջև հաշտեցման գործընթացը: Փաստաթղթում թուրքական կողմն իր զղջումն ու ափսոսանքն էր հայտնում 2015թ. նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական ռմբակոծիչի խոցման միջադեպի հետ կապված և պատրաստակամություն հայտնում՝ երկու երկրների փոխհարաբերությունների վերականգնման հարցում. հաշտեցման գործընթացը հավելյալ կերպով ամրագրվեց արդեն այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցի միջոցով: Նշված հեռախոսազրույցից հետո կայացած ՌԴ կառավարության նիստի ընթացքում Վ.Պուտինը հանձնարարեց վարչապետին՝ անմիջապես ձեռնամուխ լինել երկկողմանի տնտեսական հարաբաերություների վերականգնմանը՝ հնարավոր ողջ ծավալով:

Այսպիսով, ռուս-թուրքական հարաբերություններում ընդամենը 7 ամիս տևած քաղաքական, տնտեսկան ճգնաժամից հետո մեկնարկեց հարաբերությունների կարգավորման գործընթացն, ինչը կանխատեսելի և սպասելի էր հատկապես երկու երկրների համար ստեղծված բավական բարդ աշխարհաքաղաքական և տնտեսական իրավիճակի ազդեցությամբ, մինչդեռ այս համատեքստում, ամենակարևոր հարցադրումը, թերևս, այն է, թե ինչու՞ դա տեղի ունեցավ հենց տվյալ ժամանակամիջոցում:. Պատասխանն, անշուշտ, յուրաքանչյուր կողմի համար առանձին հարթություններում է:

Պաշտոնական Անկարայի տեսանկյունից տվյալ ժամանակահատվածի ընտրությունը կարելի է պայմանավորել մի քանի գործոններով: Նախ և առաջ, վերջին 2 ամիսներին Թուրքիայում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացները՝ նոր վարչապետի և կառավարության հաստատումն իր տրամաբանական ազդեցությունը պետք է ունենար նաև երկրի արտաքին քաղաքական ուղեգծի վրա, որի առաջին և առանցքային դրսևորումներից մեկն էլ հենց վերոնշյալ գործընթացն է. Թուրքիայի՝ նաև արտաքին քաղաքականության ոլորտում արձանագրված բազմաթիվ թերացումների, ստեղծված փակուղային իրավիճակի համար քավության նոխազ դարձավ նախկին վարչապետ Ա. Դավութօղլուն (Ի դեպ, Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգծի շրջադարձային փոփոխության համար, մեծ հավանականությամբ, կարող է ծառայեցվել նաև նախօրեին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ենթադրաբար «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված ահաբեկչական գործողությունը):

Բանն այն է, որ Արևմուտքի, մասնավորապես ԵՄ-ի հետ առկա խնդրահարույց հարաբերություններում իրավիճակը շարունակում է մնալ՝ առանց մոտալուտ բարելավման դրական հեռանկարի: Մինչդեռ, դրան հակառակ, բավական ակտիվացել է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության վերանայման գործընթացն, ինչի վառ ապացույցն է ինչպես նշված, այնպես էլ իր հանգուցալուծմանը հասած թուրք-իսրայելական հաշտեցման գործընթացները. վերջին հիմնախնդրի վերջնական կարգավորման մասին պաշտոնապես հայտարարվեց ճիշտ նույն օրը, երբ հրապարակվեց Էրդողանի կողմից Պուտինին հղված ուղերձը:

Այս 2 համաժամանակյա գործընթացներում առկա է լուրջ տրամաբանական կապ: Բանն այն է, որ, ի տարբերություն թուրք-ռուսականի, թուրք-իսրայելական հակամարտությունը տևեց ավելի քան 6 տարի, իսկ դրանց կարգավորման գործընթացն՝ ավելի քան 3 տարի, որի հիմնական ձգձգողը հենց թուրքական կողմն էր:

Թուրք-իսրայելական կարգավորման գործընթացի բովանդակությունը ներառել է հետևյալ ընթացակարգային քայլերը: Դեռևս 2013թ. մարտին, ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբամայի միջնորդությամբ, Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուն զանգահարեց Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռ.Թ. Էրդողանին և ներողություն խնդրեց «Մավի Մարմարայի» միջադեպի հետ կապված, ինչից հետո շուրջ 3 տարի տեղի ունեցած տասնյակ երկկողմանի հանդիպումների արդյունքում միայն կայացավ երկկողմանի փոխըմբռնելի համաձայնությունը:

Եթե ավելի պատկերավոր կերպով նշենք, ապա Թուրքիայի ամբիցիոզ առաջնորդը, երկու հաշտեցման գործընթացները զուգահեռելով, փորձում է հնարավորինս նվազեցնել սեփական հեղինակությանը սպառնացող վնասի չափերը՝ ի ցույց դնելով սեփական հասարակությանն ու միջազգային հանրությանը հետևյալ սցենարային իրավիճակը՝ «ԷՐԴՈՂԱՆԻՑ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ, ՄԻՆՉԴԵՌ ԻՆՔԸ ԲԱՎԱՐԱՐՎՈՒՄ Է «ԱՓՍՈՍԱՆՔ ՀԱՅՏՆԵԼՈՎ», ԻՐԵՆ ՄԵԿՆԱԾ ՁԵՌՔԻՆ ԻՆՔԸ ԲԱՎԱԿԱՆ ԵՐԿԱՐ Է ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ, ԻՍԿ ԻՐ ՄԵԿՆԱԾ ՁԵՌՔԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ»;

Ռուսական կողմին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ էր դարձյալ Արևմուտքի կողմից շարունակվող ռազմաքաղաքական, տնտեսական շրջափակումը թոթափելու, երկրի ներսում ստեղծված տնտեսական խնդիրները հնարավորինս մեղմելու, ինչու ոչ, նաև՝ Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում ստեղծված խնդիրներն օգտագործելու՝ Անկարայի հետ նոր հնարավոր հեռանկարային համագործակցություն կառուցելու նպատակով՝ տարածաշրջանում սեփական աշխարհաքաղաքական հակառակորդների ազդեցությունը թուլացնելու նպատակով (նշված սցենարին իր տրամաբանությամբ բավական մոտ է նաև ռուս-իսրայելական հարաբերություններում տեղ գտած վերջին զարգացումները): Բացի այդ, չի բացառվում, որ նման քայլով Մոսկվան ձգտում է նաև որոշակի լծակներ ձեռք բերել՝ ներազդելու համար Իսրայելի և Թուրքիայի միջև կնքվելիք «գազային գործարքի» ծավալների վրա, ինչը հնարավորություն էր ընձեռելու Անկարային՝ էականորեն նվազեցնելու Ռուսաստանից գազային կախվածության չափն: Ուստի այս հարցում, փաստորեն, երկրորդական է դառնում անգամ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման համար Մոսկվայի կողմից թուրքական իշխանություններին կանխավ ներկայացված նախապայմանները նման լղոզված եղանակով իրականացնելու հանգամանքը:

Այսուհանդերձ, ամփոփելով վերոգրյալը, միանշանակորեն կարելի է փաստել, որ ռուս-թուրքական հարաբերություններում տեղ գտած վերջին զարգացումները միանշանակորեն փոխշահավետ գործարքի տրամաբանության շրջանակներում են՝ անկախ այն հանգամանքից, թե դրանց կարգավորման բուն գործընթացում կողմերից որն է առավել զիջում: Մի բան անհերքելի է՝ սրան ձգտում էին երկու կողմն էլ, և դրանից ակնկալվող արդյունքներն, աներկբայորեն, շատ ավելի հեռանկարային են, քան համակողմանի կորուստներ առաջացրած նախկին հակամարտ իրավիճակը:

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Արմեն Պետրոսյանը: