Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին։

Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների համար նոր փուլ կբացվի, եթե Ադրբեջանը հարգի 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղը նորից միանա բանակցությունների սեղանին և հաղթահարվեն հոգեբանական արգելքները, որոնք գալիս են Ադրբեջանի վրեժխնդիր քաղաքականությունից, ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը՝ Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում։ Հարցազրույցը վերատպվել է հայկական կայքում։

«Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների և հայերի հանդեպ իր ազգատյաց քաղաքականությունից, իր անհեռանկար արկածախնդրությունից և հանձն առնի՝ հարգելու մյուս ժողովուրդների հիմնական ազատություններն ու իրավունքները», - ասել է Սահակյանը։

Ղարաբաղի նախագահը ապրիլյան քառօրյա պատերազմը որակել է հայերի հանդեպ Ադրբեջանի հայատյաց գաղափարախոսության և իշխանությունների բռնապետության արդյունք։

Պատասխանելով փոխզիջումների մասին հարցին, Լեռնային Ղարաբաղի նախագահն ասել է, որ որևէ հակամարտության լուծում, հատկապես երբ դա այնքան բարդ է, որքան Լեռնային Ղարաբաղինը, կարող է իրականացվել միայն փոխզիջումների միջոցով։ Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են, ասել է Սահակյանը։

«Մենք պատրաստ ենք անել զիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու», - նշել է Լեռնային Ղարաբաղի նախագահը։

Անդրադառնալով միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցին և այդ ուղղությամբ արձանագրած հաջողություններին, Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ Ղարաբաղի ճանաչումը մոտ ապագայում շարունակվելու է ավելի մեծ հաջողությամբ՝ իր դրական հետևանքներն ունենալով հարավային Կովկասի կայունության վրա։

Հարցին, թե «օրինական է արդյո՞ք աշխարհագրական մի տարածքում խմբված փոքրամասնության ինքնորոշման պահանջը», Բակո Սահակյանը պատասխանել է. - «Ինքնորոշման պահանջի իրավունք ունեն բոլոր ժողովուրդները, դա միջազգային իրավունքի հիմնական սկզբունքերից մեկն է։ Բայց այդ իրավունքը դառնում է հրամայական մի պարտականություն այն ժամանակ, երբ պետությունը, որին միացված է նա, չունի մի այլ ցանկություն, քան այդ ժողովրդին ոչնչացնելը», - ասել է Սահակյանը՝ նշելով, որ մեկ քառորդ դար է արդեն Ղարաբաղը կառուցում է ինքնավար, անկախ, դեմոկրատական պետություն։