Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ից, Սիրիայում ուժի մեջ է մտել ռուս-ամերիկյան տևական բանակցություններից հետո կայացած փոխահամաձայնության արդյունքում նախատեսված հրադադարի ռեժիմը, որի առաջին՝ փորձնական փուլը՝ 7-օրյա ժամկետով, պայմանական է, և դրա հաջողման պարագայում կնպաստի սիրիական հիմնախնդրի ռազմական և քաղաքական հանգուցալուծման գործընթացներին, որի հիմնական մեխը լինելու է ռուս-ամերիկյան սերտ համագործակցությունը Սիրիայի տարածքում ծավալվելիք հակաահաբեկչական վճռական պայքարում:

Հրադադարի հաստատման հերթական պայմանավորվածությունն արդեն 17-րդն և ամենալուրջն է շուրջ 5 ու կես տարի շարունակվող սիրիական հակամարտության շրջանակներում, մինչդեռ դրա վերջնական արդյունավետության հեռանկարը ևս բավական մշուշոտ է:

Իր բնույթով ռուս-ամերիկյան փոխադարձ պայմանավորվածությունների (իրավական առումով դեռևս փաստաղթային անհրաժեշտ ձևակերպումներ չկան. ի տարբերություն նախորդի՝ այն երաշխավորված չէ ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևով) արդյունքում սահմանված հրադադրի ռեժիմը մեծ հաշվով վերախմբագրումն է դեռևս ս.թ. փետրվարի վերջին սիրիական հակամարտ կողմերի միջև սահմնաված կրակի դադարեցման պայմանավորվածության, որն, անշուշտ, ունեցավ որոշակի հաջողություններ, սակայն անհրաժեշտ արդյունավետություն այդպես էլ չարձանագրվեց:

Հրադադարի այս ռեժիմի առանցքային դրույթերը փորձում են հարթել այն հիմնական խոչընդոտները, որոնք պատճառ հանդիսացան նախորդ հրադադարի փաստացի տապալման համար: Առաջին հայացքից, այդ դրույթները թեպետ բավական առարկայական են, մինչդեռ, համենայն դեպս, այս փուլում չեն պարունակում սիրիական հակամարտության հանգուցալուծման խորքային մի շարք խոչընդոտների լուծումները:
Արտաքին որոշ իրողությունների առումով՝ հրադադարի ներկա ռեժիմի հնարավոր արդյունավետության համար էական նշանակություն կարող են ունենալ ռուս-թուրքական հիմնախնդրի հանգուցալուծումն, ինչպես նաև՝ սիրիական հակամարտության հիմնական արտաքին դերակատարների համաձայնությամբ ընթացող թուրքական զինուժի սահմանափակ ռազմագործողությունները Սիրիայի հյուսիսում: Արտաքին քաղաքական տեսանկյունից կարևոր է նաև այն իրողությունը, որ Սիրիայում կրակի դադարեցման ռուս-ամերիկյան պայմանավորվածություններին իրենց աջակցության մասին են հայտարարել սիրիական հակամարտության այնպիսի առանցքային արտաքին դերակատարներ,ինչպիսիք են Իրանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, լիբանանյան «Հիզբալլահը», եվրոպական մի շարք երկրներ և այլն:

Ի տարբերություն արտաքին դրական ազդակների, ամեն բան միանշանակ չէ Սիրիայի ներսում ակնկալվող գործընթացների մասով: Այս համատեքստում, Մոսկվան, ինչպես նախկինում, պատասխանատվություն է ստանձնել՝ պարտադրելու սիրիական իշխանություններին՝ դադարեցնելու բոլոր տեսակի ռազմական գործողություններն ինչպես ընդդիմադիր, այնպես էլ ահաբեկչական խմբավորումների դեմ. երկրի տարածքում հակաահաբկչական գործողություններ իրականացնելու իրավունք է վերապահված բացառապես ՌԴ օդատիեզերական ուժերին և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն օդուժին: Սա բավական հանգուցային կետ է, քանի որ հնարավորություն կընձեռի խուսափել հրադադրի նախկին ռեժիմի շրջանականերում սիրիական իշխանություններին պարբերաբար ուղղված մեղադրանքներից առ այն, որ երկրի օդուժը ծայրահեղականների փոխարեն հարվածում է չափավոր ընդդիմության դիրքերին:

Վաշինգտոնի ստանձնած պարտավորություների շրջանակն էլ, ըստ էության, գրեթե նույնն է՝ մասնավորապես ազդել, նպաստել սիրիական չափավոր ընդդիմության և ծայրահեղական խմբավորումների՝ հատկապես նախկինում «Ալ-Կաիդայի» սիրիական ճյուղավորումը հանդիսացող Ջաբհաթ ալ-Նուսրայի (ներկայում կառույցը վերանվանվել է Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ և դադարեցրել է առնչություններն ահաբեկչական կառույցի հետ) տարանջատմանն. հենց այս իրողությունն էր հրադադարի նախկին ռեժիմի տապալման ամենաառանցքային հիմնապատճառը, քանի որ Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամի ազդեցությունը բավական զգայուն է հատկապես Սիրիայի հյուսիսում և հարավ-արևմուտքում, ինչն էլ լուրջ խոչընդոտներ է ստեղծում կրակի դադարեցմանը հասնելու հարցում, քանի որ հրադադրի ռեժիմին նախնական համաձայնություն տված մյուս ընդդիմադիր կառույցերն իրենց ներուժով բավական թույլ են և հիմնականում լոկալ ազդեցություն ունեն: Այս համատեքստում, հարկ է նշել, որ հրադադարի ռեժմին հրաժարվել է ենթարկվել սիրիական չափավոր ընդդմադիր ամենաազադեցիկ խմբավորումը՝ «Ահրար ալ-Շամը», որը ևս լրջորեն համագործակցում է վերոնշյալ ահաբեկչական կառույցի հետ:

Վերոնշյալի համատեքստում, կարելի է հավաստել, որ, չնայած միջազգային հանրության ջանքերին, հնարավոր ամենաբարձր մակարդակի ջանքերին, այնուամենայնիվ, սիրիական հակամարտության կարգավորման հարցում դրական տեղաշարժեր արագ արձանագրել բավական բարդ կլինի, քանի որ առկա խնդիրները խիստ խորքային են, իսկ դրանց հանգուցալուծման ներկա դեղատոմսերը՝ ոչ լիարժեք: Հետևաբար, կարճաժամկետ հեռանկարում հավանական առավելագույն ակնկալիքները կարող են սահմանափակվել պատերազմական գործողությունների թատերաբեմում տարիներ շարունակ բնակվող խաղաղ բնակչության տառապանքների որոշակի մեղմացման, այդ շրջաններ մարդասիրական օժանդակության առաքման հնարավորություններով, իսկ երկարաժամկետ հեռանկարում ամեն բան կախված է հատկապես սիրիական հակամարտության արտաքին դերակատարների սկզբունքայնությունից ու հետևողականությունից, որին բավարար չափով ականատես չեղանք նաև առնվազն անցած կես տարվա ընթացքում Սիրիայի տարածքում հայտարարված ֆորմալ հրադադարի ռեժիմի դեպքում, այլապես հերթական անգամ կարձանագրվեն միջազգային հանրության ձևական գործողություններն ընդամենն անգործության մեջ մեղադրանքներից խուսափելու համար:

Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: