Սիրիայի տարածքում ընթացող ռազմգործողությունների հերթական շրջափուլն առանձնանում է ոչ միայն ցամաքում հակամարտ դերակատարների միջև ռազմական իրավիճակի սրմամբ, այլև՝ աշխարհաքաղաքական աննախադեպ և որակապես նոր մակարդակում ծավալվելիք լուրջ առճակատմամբ. այս հակամարտությանը ներկայումս արդեն ուղղակիորեն ներգրավված 2 գերտերությունների՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև քաղաքական, քարոզչական, նաև անուղղակի ռազմական դիմակայության ռազմաճակատի է վերածվել Հալեպ քաղաքը:

Մոսկվայի համաձայնությամբ և անմիջական մասնակցությամբ սեպտեմբերի 22-ից սիրիական բանակային ստորաբաժանումների և նրանց հարող այլ ուժերի նախաձեռնությամբ մեկնարկած Հալեպի ազատագրման ռազմգործողության վերջնանպատակն է արդեն շուրջ 3 տարի հակակառավարական տարաբնույթ խմբավորումների կողմից վերահսկվող Սիրիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի արևելյան շրջանների վերջնականապես ազատագրումը:

Ստեղծված պայմաններում պարզից էլ պարզ է, որ Հալեպի արևելյան շրջանների ազատագրումը լրջագույն հարված կլինի ընդդիմադիրների արտաքին հովանավորների՝ մասնավորապես ԱՄՆ-ի և մի շարք տարածաշրջանային դերակատարների դիրքերին ու հեղինակությանը: Հետևաբար տրամաբանական է նաև ու կանխատեսելի, որ վերոնշյալ պետությունները փորձելու են ամեն կերպ ձախողել Հալեպի ազատագրության ռազմգործողությունը՝ նաև սրելով իրավիճակը սիրիական ռազմադաշտի այլ ճակատներում և հարկադրելով սիրիական կառավարական ուժերին կենտրոնանալ նաև այլ ուղղությունների վրա:

Թերևս վերոնշյալի համատեքստում է վերջին օրերին շրջանառվող այն տեղեկատվությունը, որ Թուրքիայի տարածքից թվով շուրջ 300 զինյալներ և հավելյալ սպառազինություն է տեղափոխվել Սիրիայի տարածք՝ արևելյան Հալեպի շրջափակման օպերացիան տապալելու նպատակով:

Մյուս կարևոր տեղեկատվությունն այն է, որ, օգտվելով Հալեպում ծավալվող գործընթացներից, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միավորումները շարժվում են շուրջ կես տարի առաջ կառավարական ուժերի կողմից ազատագրված Պալմիրա պատմամաշակութային նշանակություն ունեցող քաղաքի ուղղությամբ:

Կասկածից վեր է, որ թվարկված զարգացումները եզակի չեն լինելու, և առնվազն առաջիկա 3-4 ամիսների ընթացքում սիրիական հակամարտության շրջանակներում ականատես ենք լինելու լրջագույն ռազմական գործողությունների, ինչպես նաև բացառված չէ՝ աշխարհաքաղաքական, գուցե նաև ուղղակի և անմիջական առճակատման:

Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: