Բաքվում թափ է առնում Սոսո Պավլիաշվիլիի դեմ արշավը

Ռուսաստանցի հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի՝ նոյեմբերի 30-ին Բաքվում նախատեսված համերգը վտանգված է։ Մի խումբ ադրբեջանցի «մտավորականներ» և մշակութային գործիչներ նամակներով և սոցցանցերի միջոցով կոչ են անում իրենց համերկրացիներին բոյկոտել Պավլիաշվիլիի համերգը։ Յուրահատուկ ակտիվություն է դրսևորում ազերի ռեժիսոր Ռամիզ Ֆաթալիևը, որը բաց նամակ է գրել երգչին և կոչ է արել չգալ Բաքու։

Մեծամտացած քոչվոր ազերիները մինչ Սոսոյի Բաքվի համերգը ակնկալում էին, որ երգիչը ներողություն կխնդրի ադրբեջանցիներից ժամանակին Արցախ այցելելու և այնտեղ համերգ տալու համար, որի արդյունքում վերջինս 2004 թ-ին հայտնվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ «սև ցուցակում»։ Բաքվում սպասում էին, որ այդ ներողության պատճառով կխզվեն կապերը Սոսոյի և հայերի միջև։ Սակայն Պավլիաշվիլին ներողություն չխնդրեց։ Բաքվեցի «արցախասերները», որոնք նույնիսկ Ղարաբաղի տեղն էլ չգիտեն քարտեզի վրա, ավելի բուռն սկսեցին պահանջել չեղարկել երգչի Բաքվի համերգը։ Այս ամենին ռուսաստանյան և ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով արձագանքեցին Սոսո Պավլիաշվիլին և նրա՝ Բաքվի համերգի կազմակերպիչը՝ Իլհամ Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովը։ Աղալարովը 1news.az-ին տված վիդեոհարցազրույցում ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ է խնդրել Սոսոյից իր համերկրացիների անտակտության համար և կոչ է արել Սոսոյի դեմ նամակներ գրողներին ավելի զուսպ լինել։ Սոսոն էլ life.ru-ին երեկ տված հարցազրույցում ազերի տաքգլուխներին նախազգուշացրել է. «Հայերի հետ ընկերություն արել եմ, անում եմ և կանեմ»։ Պավլիաշվիլին նաև կոչ է արել իր՝ Բաքվի համերգը բոյկոտողներին գնալ և վերադարձնել Արցախը զենքը ձեռքին, այլ ոչ թե նամակներ գրել իր դեմ. «Տղամարդ եք, այդքան համարձակ եք, հայրենասեր եք, վաճառեք ձեր բնակարանները, մեքենաները, զարդերը, վերցրեք ձեր ընտանիքները, ստեղծեք դիվերսիոն խմբեր և գնացեք գրավեք Ղարաբաղը»,- խորհուրդ է տվել Պավլիաշվիլին ազերի նամակագիր մտավորականներին։ Պավլիաշվիլին նաև հիշեցրել է ազերիներին, որ սիրահարվել է Բաքվին բաքվեցի հայերի շնորհիվ...

Ալիևի նախկին փեսան ևս խորհուրդ է տվել ազերի սուտի հայրենասերներին նամակներ գրելու փոխարեն գործ անել։

Ադրբեջանական մամուլը ցնցված է ոչ թե Պավլիաշվիլիից, որից սպասում էին ներողություն գիտակցաբար Արցախ այցելելու համար, այլ Էմին Աղալարովից, որի խոսքերը սառը ցնցուղ էին ադրբեջանցիների համար։

Հիշեցնեմ, որ ազերի մտավորական կոչվածները Սոսոյից պահանջում են չգալ Բաքու, քանի որ նա գիտակցորեն է մեկնել Արցախ, և նույնիսկ նրա ներողությունները չեն օգնի, որ ադրբեջանցիները նրան ներեն։

Ծիծաղելի է, բայց պարզվում է, որ, ըստ ադրբեջանցի կոչվածների, կան մարդիկ, որոնք չգիտակցված են մեկնել Բաքու։ Կամ նրանց ո՞վ է ասել, որ Սոսոն նրանցից ներողություն է խնդրելու...

Հ.Գ. Ազերի «հայրենասերները» ունեն երկու տարբերակ՝ կա՛մ շարունակել պայքարը Պավլիաշվիլիի դեմ և չեղարկել նրա՝ Բաքվի համերգը, որի պատճառով կվատթարանան նաև նրանց հարաբերությունները ռուսաստանյան շոու բիզնեսում բավական մեծ դիրքեր զբաղեցնող Աղալարովների ընտանիքի հետ, կա՛մ էլ պապանձվել և չշարունակել ինքնախայտառակումը։

«Pavliashvili, Qarabag Bizimdir» օպերացիան ձախողվեց։

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: