Ռուսաստանի և Հայաստանի ռազմական գերատեսչությունները նոյեմբերի 30-ին ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագիրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել և հանձնարարել էր Հայաստանի հետ ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագրի նախագիծը, որը «համարժեք հակազդում կապահովի զինված հարձակմանը, ինչպես նաև կողմերի անվտանգության մյուս մարտահրավերներին ու սպառնալիքներին»:

Ինչպես նշել է Վիգեն Սարգսյանը զորախումբը կներառի Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ:

Երկու երկրների պաշտպանության նախարարները նաև ստորագրել են 2017 թվականի համագործակցության պլանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: