Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է միջանկյալ զեկույց ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի վայրագությունների մասին։

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը իրականացրել են ռազմական հանցագործություններ, կտտանքներ, մահապատիժներ ու անդամախեղումներ։ Ռազմական հանցագործությունները համակարգված ու լավ կազմակերպված բնույթ են ունեցել։

«ԼՂՀ դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 31 քաղաքացիական անձանցից ու Պաշտպանության բանակի զինծառայողներից 27-ը ՝ այսինքն մոտ 90 տոկոսը ենթարկվել են կտտանքների, մահապատիժների կամ էլ խեղումների»,- ասվում է զեկույցում։

Նշում են, որ ադրբեջանցի զինվորականները կտտանքների են ենթարկել 92-ամյա կնոջը, գլխատել են ԼՂՀ բանակի երեք զինծառայողների, երկուսը գլխատվել են մահից հետո, իսկ մեկին գլխատել են ԻՊ-ի ոճով։

Ամենատարածված ռազմական հանցագործությունն է եղել անդամախեղությունները, նաեւ սպանվածների ականջները կտրելը։

«Ըստ Միջազգային հումանիտար իրավունքի, Ադրբեջանը պատասխանատվություն է կրում իր զինված ուժերի ռազմական հանցագործությունների համար, պարտավոր է հետաքննություն իրականացնել ու պատշաճ կերպով պատժել հանցագործներին ու մյուս անձանց, որոնք պատասխանատվություն են կրում։ Հանցագործները ու նրանց հրամանատարները նույնպես անհատական պատասխանատվություն են կրում»,- ասվում է զեկույցում։