Այսօր Թուրքիայի Կայսերի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ընթացքում մահացել է 13 զինծառայող։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է երկրի ԶՈՒ-ն՝ հավելելով, որ վիրավորվել է 48 մարդ։

Ավելի վաղ թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը հայտնել էր 9 զինծառայողի մահվան մասին: Reuters-ը հաղորդել էր հարձակման հետևանքով ավելի քան 25 տուժածի մասին:
Թուրքական «Հաբեր Թյուրք» կայքի փոխանցմամբ՝ տեղի ունեցած ահաբեկչության ընթացքում պայթեցված հասարակական ավտոբուսի մեջ գտնվել են քաղաքացիական հագուստով զինվորականներ: Վերջիններս հատուկ թույլտվությամբ դուրս էին եկել զորամասերից՝ առևտրի նպատակով:

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները դեպքի վերաբերյալ լուսաբանման պետական արգելք են սահմանել:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեպքի առիթով հատուկ արտահերթ խորհրդակցություն է անցկացնում Անկարայի Էսոնբողա օդանավակայանում, որտեղից պետք է գործուղման մեկներ Մարաշ։


11.25 Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի մոտակայքում հզոր պայթյուն է որոտացել։ Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ կան զոհեր և վիրավորներ:

Թուրքական «Սյոզջու» պարբերականը հայտնում է պայթուցիկներով լի մեքենայի պայթեցման միջոցով իրականացված ահաբեկչության մասին, «Ջումհուրիյեթ» պարբերականն էլ, իր հերթին, նշում է, որ ահաբեկչական հարձակումն իրականացվել է հասարակական տրանսպորտում պայթուցիկի գործի դրման միջոցով:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Թուրքիայի իշխանությունները շտապել են դեպքի վերաբերյալ լուսաբանման պետական արգելք սահմանել: