Հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Գուրգեն Սարգսյանը Ստեփանակերտի զինհոսպիտալից տեղափոխվել է Երևան՝ Մուրացան հոսպիտալ: ԼՈՒՐԵՐ.com-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Գուրգեն Սարգսյանի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, քանի որ գանգուղեղի հատվածում է վնասվածք ստացել և արհեստական շնչառական ապարատին է միացված: Մեզ հետ զրույցում, ավելի վաղ՝ զինվորի առողջական վիճակի մասին տեղեկացրել էին նաև հարազատները:

Այսօր Երևան է տեղափոխվել նաև մեկ այլ զինծառայող՝ Ալեքսեյ Ավանեսյանը, ով վնասվածք է ստացել ստորին վերջույթից:

Զինծառայողի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, սակայն այսօր արդեն կայուն է: Ստորին վերջույթի պահպանման վիրահատություն չի հաջողվել կատարել, քանի որ վնասվածքի ծավալը շատ մեծ է և ստիպված են եղել վերջույթը հեռացնել:

Կամավոր Խաչատրյան տեղեկացրեց, որ քառօրյա պատերազմի ժամանակ ու դրան հաջորդող օրերին վիրավորվել է ընդհանուր առմամբ 159 զինծառայող, որից երեքը մահացել է հոսպիտալում, նրանցից մեկը հոսպիտալ էր տեղափոխվել արդեն մահացած: «Քառօրյա պատերազմից հետո բուժում է ստանում 9 զինծառայող՝ երկուսը Մուրացանի հոսպիտալում, մեկը՝ մասնավոր կլինիկայում, իսկ մնացածը՝ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: