Ռազմական բժիշկ Արա Միրաքյանը քառօրյա պատերազմի օրերին առաջնագծում է եղել, բժշկական օգնություն ցուցաբերել վիրավոր հերոսներին, փրկել բազմաթիվ կյանքեր: 31-ամյա բժիշկը, սակայն, չի սիրում խոսել այդ օրերի մասին, նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի մասին հիշողություններն այնքան «արյունոտ» են, որ նախընտրում է չվերհիշել դրանք:

«Մարտական ծառայության մեդալով եմ պարգեւատրվել, բայց սա միայն իմը չէ, այլ ամբողջ բուժանձնակազմինը, որոնք այդ օրերին ամեն ինչ անում էին, որ կյանքեր փրկեն: Բայց մինչեւ հիմա, որ մտածում եմ, ինչ-որ բան հիշում եմ, ասում եմ՝ կարող ա մի քիչ շուտ որ գայի, կարողնայի փրկել...նման մտքեր հաճախ են լինում»,- հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի օրը, ասում է նա:

31-ամյա բժիշկը սիրում է աշխատանքը. այն ինչքան էլ որ դժվար ու վտանգավոր է, միշտ պատասխանատվությամբ է մոտենում դրան: Իսկ նրա ընտանիքը միշտ նրա կողքին է եւ դժվար պահերին քաջալերում է նրան:

«Առաջին օրն էր, մայրս էր զանգել, հարցնում էր՝ որտե՞ղ ես, ես էլ նրան հանգստացնելու համար ասացի՝ հետ եմ գնացել, առաջնագծում չեմ: Բայց այդ պահին իրականում առաջանագծում էի: Ասաց՝ հետ գնա, ես էլ եմ գալիս, այնտեղ երեխաները քո օգնության կարիքը կունենան, գնա, ես էլ կգամ»,-հիշում է նա:

Զինծառայողները, որոնց Արա Միրաքյանն ապրիլյան պատերազմի օրերին բուժօգնություն է ցուցաբարել, փրկել նրանց կյանքը, չեն մոռանում նրան: Քառօրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց բժիշկը միշտ ժամանակ է գտնում նրանց տեսակցելու համար:

«Մինչեւ հիմա էլ սոցիալական կայքերով կապը պահպանում ենք, իսկ հնարավորության դեպքում տեսնվում ենք, ովքեր էլ որ հոսպիատլում են՝ այցելում ենք նրանց»,-ասում է նա:

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի օրը Սերժ Սարգսյանը Արա Միրաքյանին պարգեւատրել է Մարտական ծառայության մեդալով: