Փետրվարի 2-ին սոցցանցերում որոշ ադրբեջանական օգտատերեր հայտնել են, որ փետրվարի 1-ին Թալիշի հայկական դիրքերում գերեվարված Էլնուր Հուսեյնզադե Էլման օղլուի համագյուղացիների համաձայն՝ նա Ադրբեջանի ԶՈւ գործող պայմանագրային զինծառայող էր:

Գերեվարված զինծառայողի ծնողների հետ հարցազրույց են ունեցել նաև ադրբեջանական լրատվամիջոցները: Տեղադրվել է տեսանյութ, գերեվարվածի նկարները: Լրատվամիջոցները ևս հաստատում են, որ գերեվարվածը գործող զինվորական էր:

Սոցցանցերում հայտնված տվյալները համապատասխանում են այդ հրապարակումներից ժամեր անց Ադրբեջանի գերիների և անհետ կորածների հարցով պետական հանձնաժողովի՝ գերեվարվածի մասին հայտնած անձնական տվյալներին: Ըստ այդմ իսկապես մեծ հավանականություն կա, որ Հուսեյնովի համագյուղացիների հայտնած տեղեկություններն իսկապես ճիշտ են:

Ըստ այդ տեղեկությունների՝ Հուսեյնզադեն Ադրբեջանի Բարդայի շրջանի Ղուլլար գյուղի բնակիչ է, 1995 թ. ծնված: Այս տվյալն իր հերթին մասամբ համապատասխանում է Պաշտպանության բանակի հաղորդագրությունում նշվածին (այնտեղ նշվում էր, որ գերին «Բարդայից է»):