Այսօր ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած դիտարկման ժամանակ իր առաջնային դիրքեր դուրս չբերելուց հետո, շփման գծում նորից դիմել է սադրիչ գործողությունների:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ժամը 17:00-ից 18:50-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդն իր բնակավայրերի մերձակայքում տեղակայված կրակային հենակետերից 85մմ-ոց Դ-44 տիպի հրանոթներից ուղիղ նշանառությամբ արկակոծության է ենթարկել ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերը: Բացի հրանոթներից ադրբեջանական զինուժը ինչպես արեւելյան, այնպես էլ հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ կիրառում է տարբեր տրամաչափի ականանետեր: Այս պահի դրությամբ, հրանոթներից եւ ականանետերից, ընդհանուր առմամբ, արձակվել է 46 արկ, որից 22-ը հրանոթներից, 24-ը՝ ականանետերից:

Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետեւանքով ՊԲ-ն կորուստներ չունի:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկված սադրիչ գործողությունների եւ դրանց հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: Նման սադրանքերի շարունակականության դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակն, Արցախի պետական սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով, իրեն իրավունք է վերապահում դիմելու ոչ համարժեք քայլերի: