ՀՀ ՊՆ N զորամասից ավելի քան 1 մլն դրամի դիզվառելիք հափշտակելու մեջ մեղադրվող զորամասի հրամանատարն ու մյուսներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները:

NEWS.am-ի տեղեկություններով, զորամասի հրամանատար Մխիթար Ալեքսանյանն ընդունել է, որ յուրացում է կատարել, նույնն ընդունել են նաեւ մյուսները: Հետաքրքրական է, որ մեղադրյալներն ի սկզբանե իրենց առաջադրված մեղադրանքները չէին ընդունում, սակայն ավելի ուշ ընդունել են:

Ըստ մեղադրական եզրակացության՝ N զորամասի հրամանատար Մխիթար Ալեքսանյանը 2016թ-ի ապրիլից մինչեւ օգոստոս նույն զորամասի ՎՔՆ բաժնի պահեստարանի պետ, ենթասպա Աշոտ Յայլոյանի հետ պարբերաբար վատնել է իր հրամանատարությամբ գործող զորամասի հաշվեկշռում գտնվող և իրեն վստահված խոշոր չափի` 1 մլն 259 հազար դրամի 3 հազար 8 հարյուր 40 լիտր դիզելային վառելիք: Նախաքննության ձեռք բերած տվյալների համաձայն՝ զորամասի հրամանատարն Աշոտ Յայլոյանի հետ մի քանի անգամ 450-500 լիտր դիզելային վառելիք է լիցքավորել զորամասի հարակից տարածք մուտք գործած «Մանվել Գալստյան» ԱՁ տնօրեն Մանվել Գալստյանի կողմից ուղարկված մեքենայի ավտոցիստեռնը: Այնուհետեւ արդեն հափշտակված վառելիքը նշված մեքենայի վարորդ Արմեն Գրիգորյանի օժանդակությամբ տեղափոխվել է Գյումրիում գտնվող Մանվել Գալստյանին պատկանող բենզալցակայաններ, որտեղ արդեն կազմակերպվել է հափշտակված վառելիքի վաճառքը:

Մխիթար Ալեքսանյանին այդ հարցում օգնել են նաեւ Ռուդիկ Կարապետյանն ու Լեռնիկ Վարդանյանը:

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մխիթար Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, զորամասի պահեստարանի պետ Ա.Յայլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, զորամասի ուսումնական մասի դասախոս Լ.Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, անհատ ձեռներեց Մ.Գալստյանին, վարորդին եւ իրացնողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով։

Հետաքրքրական է, որ այս գործով ոչ ոք կալանքի տակ չէ: Ալեքսանյանն ու Յայլոյանը ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ Գալստյանը՝ գրավի դիմաց է ազատ արձակվել:

 Նյութի աղբյուրը՝ NEWS.am