Քառօրյա պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանը, որը հունվարի 26–ին մեկնել է Մոսկվա, շարունակում է ինտենսիվ վերականգնողական բուժումը։ Այս մասին տեղեկանում ենք «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

Ավետիսն արդեն ավելի քան 2 ամիս է՝ գտնվում է Մոսկվայում եւ նրա բուժման մեջ դրական առաջընթաց կա. ապրիլյան պատերազմից հետո անշարժացած զինծառայողն արդեն իսկ կարողանում է շարժել ստորին եւ վերին վերջույթները:

Նշենք, որ ի սկզբանե նախատեսվում էր, որ Ավետիսը կմեկնի Հնդկաստան եւ այնտեղ էլ կշարունակի բուժումը: Սակայն Պաշտպանության նախարարությունը չկարողացավ ինքնաթիռ գտնել: Ի դեպ, Ավետիսի բուժման ծախսը «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամն է հոգում, նույնիսկ այս պայմաններում նախարարությունն «ալարեց» ինքնաթիռ գտնել:

Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակի N զորամասի նախկին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ավետիս Զարգարյանը հակառակորդի կողմից 2016թ. ապրիլի 4-ին ստացել է համակցված ողնաշար-ողնուղեղային կույր հրազենային վիրավորում եւ հաջորդ օրն ուղղաթիռով տեղափոխվել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վիրավորման հետեւանքով առաջացել է ողնուղեղի պարանոցային եւ կրծքային հատվածի ծանր աստիճանի սալջարդ-ջնջխում:

Ավետիս Զարգարյանը Ռուսաստանից էր եկել՝ ծառայության մեկնելու նպատակով: