«Շուշիում հաղթեց մեր ազատամարտիկը, իր մարտական ոգին։ Այդ հաղթանակը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միացյալ ուժով էր։ Մեր զինվորները մեկ օրվա մեջ՝ 26 ժամում, գրավեցին բերդը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։

Նա նշեց, որ եթե նախկինում միշտ ասում էր՝ ինչպես անենք, որ երիտասարդությունն իրենց ոգին ունենա, բայց ապրիլյան պատերազմից հետո համոզվեց՝ երիտասարդությունն իրենց չի զիջում։

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ Կոմանդոսը նշեց, որ դրանք ծրագրային են. «Իրենք փակ չեն անում, և չենք կարող ասել, որ մենք դրանց մասին չգիտեինք։ Ես միշտ ասել եմ, որ, եթե պատերազմ սկսվի, մենք մարդկային կորուստներ կունենանք, բայց Ադրբեջանի կորուստներն ավելի մեծ կլինեն։ Նրանց նավթահանքերը, էլեկտրակայանները և այլն, եթե մենք վնասենք, ապա Ադրբեջանի 40%-ը կզրկվի էլեկտրականությունից։ Բաքուն նստած է նավթի տակառի վրա, և, եթե մենք այն պայթեցնենք, ապա Ադրբեջանը հօդս կցնդի, դրա համար Ադրբեջանը մեծ պատերազմի չի գնա։ Ես հանգիստ եմ ու մեկնում եմ Արցախ»։