Hraparak.am-ը գրում է.

«Պատերազմները միևնույնն է 100 տարին մեկ անգամ կրկնվում են, մանավանդ մենք մեր հարևանների հետ մշտական խնդիրներ ունենք։ Այնպես որ պատերազմներն անխուսափելի են, դրա համար պատերազմներին պետք է պատրաստվել, այդ թվում նաև Արցախի հարցում».- կարծիք է հայտնում Շուշիի գումարտակի վարչության անդամ, ազատամարտիկ Քերոբ Ղազարյանը։

Այսօր Հայաստանում և Արցախում նշում են Շուշի քաղաքի ազատագրման 25-ամյակը։ Մինչ Շուշիի անունը կրող ազատամարտիկների միավորման ՀԿ հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը գտնվում է անազատության մեջ։ Hraparak.am-ի զրուցակիցը «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության վարչության անդամ Քերոբ Ղազարյանն է։

-Պարոն Ղազարյան, Շուշիի ազատագրման «վերջակետը» դրվա՞ծ է։

-Իհարկե աշխատանքներ կան անելու, Արցախի հարցը մեծ հարցականի տակ է, բայց գոնե Շուշիի ազատագրումը, կարծում եմ՝ այո։

-Տարածքների հանձնումը կարո՞ղ է խնդրի լուծում հանդիսանալ Արցախի համար։

-Ոչ, ընդհակառակը, կբարդացնի, դա նոր պատերազմի կբերի։

-Խոսենք ազատամարտիկների մասին, ինչպե՞ս եք գնահատում պետության հոգածությունը նրանց նկատմամբ։

- Իհարկե խնդիրներ կան ու լուրջ խնդիրներ կան։ Գիտեք, որ նույն խնդիրները Վոլոդյա Ավետիսյանն էր բարձրացնում, գիտեք նաև դրանից հետո ուր հայտնվեց։ Այնպես որ այդ խնդիրները մնում են, կան և դրանք լուծելու կարիք ունեն, դա էլ պետության գործն է։ Պետությունն էլ, մենք գիտենք, թե այսօր ինչի վրա է ուշադրություն դարձնում։ Այնպես որ այդ խնդիրները երկրորդ-երրորդ պլան է մղված։ Շատ ազատամարտիկներ կան, որ լուրջ խնդիրների առաջ են կանգնած թե սոցիալական, թե առողջական, ֆինանսկան, հոգեբանական... խնդիրները լիքն են, մանավանդ այն մարդիկ, ովքեր վիրավորվել են, հաշմանդամ են, այն ընտանիքները, որոնք զոհվածներ ունեն։

-Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ Հայաստանում կենդանի հերոսները մեզանում չեն ընկալվում, հաճախ իշխանությունների կողմից ճնշումների են ենթարկվում, մանավանդ «այլախոհ ազատամարտիկները»։

-Մենք հայկական ասացվածք ունենք չէ՞, գնա մեռի, արի սիրեմ։ Այնպես որ դա դեռ ուժի մեջ է։ Այդպես էլ կա, որովհետև կենդանի հերոսները... նրանք պրոբլեմներ են առաջացնում, մեռածները խնդիրներ չեն առաջացնում։ Իսկ կենդանիները կարծիք ունեն, գաղափար ունեն, հետապնդում են իրենց գաղափարներին, նպականերին, դրա համար էլ լուրջ խնդիրներ են առաջանում, որոնք այսօր իշխանությունների համար հաճելի չեն։ Ոչ միայն ազատամարտիկներին, այլև այլախոհության նկատմամաբ Հայաստանում վերաբերմունքը «վատ է»։

-Պարոն Ղազարյան, Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ-ն Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումից հետո գործում է՞։

-Չի կազմալուծվել, կա գործում է, գրասնեյակ գոյություն ունի, անդամներ ունի։ Իհարկե ձերբակալություններից հետո որոշ ժամանակ հասկանալի պատճառներով սառեց գործունեությունը, բայց հիմա գործում է։ Մեր ազատամարտիկ ընկերների, ընտանիքների խնդիրներով և սոցիալական հարցրեով ենք զբաղվում։

-Դեռ մեկ տարի առաջ կամավորների ցուցակագրում էիք իրականացնում հայրենիքի պաշտպանությանը մասնակից լինելու համար։ Այդ պրոցեսը դեռ շարունակվո՞ւմ է։

-Հիմա ոչ, անցյալ տարվա հուլիսյան դեպքերից հետո հասկանալի պատճառներով կանգնեց, որովհետև կազմակերպիչների մեծ մասը չկար։ Այդ պրոցեսները կանգնեցին։

-Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը բավակա՞ն հիմքերի վրա էր։

-Շուտով դատն է լինելու, ես իրավաբան չեմ, բայց հայ քաղաքացու համար անհասկանալի է այն ձևակերպումները, որոնց հիման վրա Ժիրայր Սեֆիլյանին կալանավորել են, այնտեղ գրված էր՝ միտք ուներ, ծրագրավորում էր, բայց իրականում Ժիրայր Սեֆիլյանը ոչ մի հակաիրավական քայլ չի արել։ Միայն, եթե նայենք այդ զենքերի վերաբերյալ, որն ինչքան գիտեմ նա հրաժարվել է։ Դե 15 թվականից Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդում կար, այնպես որ կարծում եմ, որ ոչ այդքան իրավական է այդ կալանավորումը, որքան քաղաքական, կապված Ժիրայր Սեֆիլյանի գործունեության հետ։ Մանավանդ անցյալ տարի կապված ապրիլյան դեպքերի հետ բացահայտումներ կատարեցին, որոնք որ շատ անդուր էին իշխանությունների համար, այնպես որ իրենք առիթը բաց չթողեցին։

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը կալանավորվել է հունիսի 20-ին: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։Նյութի աղբյուրը ` Hraparak.am