Արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման ակունքներում կանգնած գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմադոսի համար մայիսը հպարտության ամիս է:

Նա Շուշիի ազատագրման հետ կապված շատ հիշողություններ ունի, սակայն Tert.am-ի հետ զրույցում խոսեց, ըստ նրա, ավելի կարևոր խնդրի՝ Արցախի հակամարտության կարգավորման մասին: Տեր-Թադևոսյանն այսօր արդեն դեմ է խնդրի կարգավորման փոխզիջումային այն տարբերակին, որն իրենից տարածքների վերադարձ է ենթադրում, թեև խոստովանում է՝ հակամարտության բանակցային գործընթացի սկզբնական շրջանում մտածել է այս ուղղությամբ:

«Հիմա խնդիրն այն է, որ ցանկացած տարածքի վերադարձով մենք կթուլացնենք մեր դիրքերը: Սկզբնական շրջանում մտածում էի, որ կարող ենք բանակցել՝ մի փոքր մասը տալ այլ բանի դիմաց, սակայն հիմա հասկանալի է, որ հակառակորդն այնպիսին է, որ ոչ միայն ցանկանում է Արցախը, այլև հավակնություններ ունի Զանգեզուրի և այլ տարածքների վրա: Ադրբեջանն այսօր ունի պանթուրքիզմի գաղափարախոսություն, որը գալիս է Թուրքիայից. եթե մի բան հանձնենք, հաջորդ օրը կասեն՝ նա էլ հանձնեք, էն մյուսն էլ, և այլն»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Գեներալ-մայորը նկատեց, որ Ադրբեջանն ունի դիվանագիտական այնպիսի մշակույթ, որի օգնությամբ կարողանում է դուրս սողոսկել ցանկացած դժվար իրավիճակից: Նա ցավով խոստովանեց, որ այսօր դիվանագիտական հարթակում հայերն այնքան էլ հաղթածի դիրքերից չեն խոսում, բայց միևնույն ժամանակ մեջբերեց Միավորված Թագավորության վարչապետ Սըր Ուինսթոն Չերչիլի խոսքերը, թե ով հաղթում է պատերազմում, պարտվում է դիվանագիտության մեջ:

«Մենք այս պահին պարտվում ենք դիվանագիտության մեջ, այդ իսկ պատճառով դեռևս չգիտենք՝ տարա՞ծք պետք է զիջենք, ջո՞ւր պետք է տանք, որ առաջարկն ընդունենք, ամեն բան անհասկանալի է: Այս անորոշության մեջ միայն Ադրբեջանը չէ մեղավոր, մենք էլ սխալներ ունենք, քանի որ տարբեր բաների շուրջ ենք բանակցում՝ սկզբում այլ բան ենք ասում, հետո Մադրիդյան սկզբունքներ քննարկում, և այլն»,- ընդգծեց գեներալ-մայորը:

Արցախի հերոսի գնահատմամբ՝ Ապրիլյան պատերազմը սթափեցրեց, քանի որ փոքր-ինչ ինքնահավան էինք դարձել՝ մտածելով, թե ամեն ինչ մեր ձեռքում է, սակայն սահմանին իրականությունն այլ է:

«Մենք քաղաքում վայելում ենք կյանքը՝ սրճարաններ և այլն, մոռացել էինք, որ Երևանի, Գյումրիի և այլնի անվտանգությունը պայմանավորված է սահմանային անվտանգությամբ: Դրականն այն է, որ այսօր սահմանամերձ շրջաններում պաշտպանության ուժեղացման գործընթաց է մեկնարկել: Մեր երիտասարդ սպաների, զինվորների շնորհիվ մենք կարողացանք հաղթել Ապրիլյան պատերազմը, բայց նման բանի կրկնման ժամանակ, այդ դիրքով, մեզ այլևս նման հաղթանակ հարկավոր չէ: Մեզ այլ հաղթանակ է հարկավոր, ինչի համար էլ շփման գծի ամբողջ երկայնքով ամրապնդման գործընթաց է»,-եզրափակեց Կոմանդոսը: