Արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խմբի ավտոմեքենայի գնդակոծությունը հերթական վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանը չի հրաժարվում շփման գծում իրավիճակի սրմանը և լարվածության աստիճանի բարձրացմանն ուղղված իր ավանդական քաղաքականությունից:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանից, այս մասին նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը՝ Tert.am-ի խնդրանքով մեկնաբանելով միջադեպը։ Նա ասել է. «Այս միջադեպը հերթական վկայությունն է, որ Ադրբեջանը չի հրաժարվում շփման գծում իրավիճակի սրմանը և լարվածության աստիճանի բարձրացմանն ուղղված իր ավանդական քաղաքականությունից:
Տեղի ունեցածը ևս մեկ անգամ վերահաստատում է շփման գծում իրավիճակի կայունացմանն ուղղված՝ 2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թ. հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրագործման կարևորությունը»։
Արցախի և Ադրբեջանի շփման գծի հյուսիսային հատվածում մայիսի 10-ին՝ ժամը 18-ի սահմաններում, գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Նա վիրահատվել է։ ՀՀ քննչական կոմիտեում հար ուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբին գնդակոծելու դեպքի առթիվ: