ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ամառային զորակոչի մասին հրամանագիրը:

Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.

«Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ եւ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` որոշում եմ.

1. 2017 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

2. Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը եւ իրականացումը:

3. 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողներին:

4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: