2016թ. բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին բանակում ծեծի ենթարկվելու հետեւանքով հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված 19-ամյա Արթուր Հակոբյանն ապաքինվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթուրի հորաքույրը՝ տիկին Ռիտան: Նա նշեց, որ Արթուրն արդեն կարողանում է միայնակ դուրս գալ տնից, շփվել ընկերների հետ:

«Միայն քնի մեջ է նոպաներ ունենում՝ կռիվ է անում ինքն իր հետ: Հոգեկան խնդիրներն ամբողջությամբ չեն վերացել, բայց ընդհանուր առմամբ, վիճակը նորմալ է, կարելի է ասել, որ ապաքինվել է»:

Արթուրի հորաքրոջ խոսքով, տղայի աողջական վիճակն սկսել է կարգավորվել այն բանից հետո, երբ դադարել է ընդունել բժիշկների նշանակած հոգեմետ դեղերը: Նրա խոսքով, Արթուրն այս պահին դադարեցրել է դեղորայքային բուժումը եւ բացառապես դեղաբույսերով է բուժվում:

«Դեղաբույսեր եմ տալիս, միայն հոգեմետ դեղերից քնաբեր եմ տալի, որ կարողանա գիշերները քնել: Երկար ժամանակ է մոռացել ենք՝ ինչ է շտապօգնությունը, բժիշկները»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Արթուր Հակոբյանին զորամասից տեղափոխել էին «Նուբարաշենի» հոգեբուժարան, որից հետո հարազատների պահանջով նրան տեղափոխել էին տուն:

Արթուր Հակոբյանի հարազատները պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հարբած հրամանատարը:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործը, որը կարճվել էր:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am