-Lragir.am-ը գրում է.

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը
Պարոն Սարգսյան, ԱԺ-ում Սերժ Սարգսյանն իր ծավալուն ելույթում մեծ անդրադարձ ունեցավ ԼՂ խնդրի կարգավորմանը, ասաց, թե որ տարբերակն է սեղանին։ Այս մեկ տարվա ընթացքում խնդրի կարգավորման ուղղությամբ արագ զարգացումներ կլինե՞ն։
Կարծում եմ՝ ուղղակի առիթ էր այդ մասին խոսելու։ Ինքն էլ ասաց, որ ընտրությունների ժամանակ շոշափվել է այդ խնդիրը, գտնում է, որ անհմին մեղադրանքներ են ուղղվել իրեն, և հստակեցում է մտցնում տարբերակների մեջ, որը ճիշտ է։ Այն, որ երկար ժամանակ խոսում էին, թե տարբերակների մեջ որևէ տարբերություն չկա, գնալով ավելի վատանում է, այդ խոսակցություններն ինչ-որ տեղ ճիշտ չէին, պետք էր շատ կոնկրետ խոսել, թե ինչով են տարբերվում այդ տարբերակները։ Օրինակ, ինքը 1995 թվականի տարբերակն ընդհանրապես կարգավորման պլան չի համարում, այն զինադադարի նոր սխեմա հաստատելուն էր ուղղված։ Այդ սխեման հաստատված է և գործում է մինչև հիմա։ Այն ժամանակ, ըստ իրեն, ընդամենն առաջարկվում էր մեծ զիջումների գնով, միջազգային զորքեր տեղակայելով զինադադարի նոր սխեմա սարքել։ Նա խոսեց նաև ինքնորոշման իրավունքի մասին, որը նույնպես այդպես է։ Չնայած նա ավելի խիստ է հարվածում Օսկանյանին, բայց 2008-ից սկսվեցին փոփոխություններ կապված Ղարաբաղի իրավունքների հետ։ Մինչ այդ որևէ փաստաթղթում Ղարաբաղի ժողովուրդը որևէ իրավունք չէր ստանում։ Նրա ասելով, Կազանյան փաստաթղթով հստակ առաջարկ է ներկայացվել, որ Ղարաբաղի ժողովուրդն է կամարտահայտությամբ որոշելու իր կարգավիճակը։ Սա, իհարկե, նորություն է, և ըստ էության ճանաչվել է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ 2007-ին նշվարվել է և Կազանում կարծես թե հստակեցվել է։ Դրա մասին է խոսվում, որը կարևոր է, որ բոլորն էլ ծանոթանան, որովհետև իսկապես չէր կարելի անընդհատ խոսել այն մասին, որ այդ մոտեցումներում որևէ նորություն չկա, որ բոլորն էլ նույնն են։ Ինքնորոշման սկզբունքի ճանաչման նշանակությունն արհամարհելը շատ կոպիտ սխալ է։ Կամ մարդիկ հատուկ էին այդպես անում, կամ չէին հասկանում՝ որքան էական նշանակություն ունի այդ հանգամանքը։ Այն փաստը, որ նա կարգավիճակի հարցը դնում է որպես առաջնային ու հիմնանար խնդիր, իսկապես, ճիշտ է և իրավիճակին համապատասխանող է։
Ամեն դեպքում, ի՞նչ է ակնարկում Սերժ Սարգսյանը, որ այս խորհրդարանը պետք է պաշտպանի՞ Կազանյան փաստաթուղթը, թե պետք է մերժի այն։
Ես կարծում եմ՝ դա ավելի շուտ դրսի համար էր, ուզում է ասել, որ առավելություն է տալիս կազանյան փաստաթղթին, ինչպես, օրինակ, Ադրբեջանը ավելի շատ խոսում է Լավրովի պլանից։ Սերժ Սարգսյանն ընդամենը ասում է, որ սեղանի վրա կազանյան փաստաթուղթն է, ուրիշ բան չկա։ Այսինքն՝ այս մեսիջը դրսին էր ուղղված, հատկապես հաշվի առնելով, որ մեր Ազգային ժողովում իրարից չեն տարբերում Կազանն ու Մադրիդը։ Նրա ելույթի էությունն այն էր, որ նա ի լուր աշխարհի հայտարարեց, որ իր համար ընդունելի է կազանյան տարբերակը։ Այսինքն՝ նա հստակություն մտցրեց Հայաստանի դիրքորոշման մեջ՝ ասելով, որ կենտրոնում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելն է։
Նման դիրքորոշումը կարո՞ղ է կենսունակ լինել, այն դեպքում, երբ այս պահին չկան բանակցություններ։
Բանակցություն լինի, թե չլինի, դեռևս ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն է ասել, որ Ադրբեջանը երբեք Ղարաբաղի անկախությունը չի ճանաչելու, եթե անգամ ողջ աշխարհը ճանաչի։ Խնդիրն այն է, որ դա իսկապես այդպես է։ Նաև միամտություն է հույսը դնել միջազգային հանրության վրա, որ մենք մեզ խելոք ու պարտաճանաչ կպահենք, բայց դուք Ադրբեջանին ստիպեք, որ ճանաչի Ղարաբաղը։ Նման բան հնարավոր չէ, Ադրբեջանն ինչո՞ւ պետք է ուրիշների իրավունքը ճանաչի։ Ղարաբաղը ձեռքից բաց է թողել, հիմա իրավունքն էլ հանձնի՞, իհարկե, նման բան չի անի, որևէ մոտիվացիա չկա։ Դրա համար էլ բանակցային գործընթացն էլ իմաստ չունի։
Վերջերս Ռուսաստանում եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդես եկավ հայտարարությամբ՝ առաջ քաշելով «տարածքներ խաղաղության դիմաց» տարբերակը։ Որքանո՞վ է դա հնարավոր։
Կարծում եմ՝ պատճառներից մեկն էլ դա է, որ Սերժ Սարգսյանը առաջ է մղում Կազանյան տարբերակը, բայց Ադրբեջանն ամեն կերպ, Ռուսաստանի միջոցով փորձում է այլ բանաձև դնել սեղանի վրա, որն ամբողջությամբ կփոխի ամեն բան։ Կազանյան փաստաթուղթը նրանք առանց այդ էլ չեն ընդունել։ Բաքուն ուզում է հակամարտության կարգավորման ինչ-որ նոր մոդել ստեղծել, որը հիմնված կլինի մի կողմից Ռուսաստանի օգնության, մյուս կողմից՝ ռազմական շանտաժի վրա։ Ադրբեջանի ասածը հետևյալն է՝ տարածքները տվեք, թե չէ կռվելու ենք ու ձեզ կոտորենք։
Ձեր կարծիքով ՝ի՞նչ կլինի սահմանին առաջիկա մեկ տարում։ Հնարավո՞ր է լինեն սրացումներ՝ հաշվի առնելով նաև վերջին շրջանի գործողությունները, մասնավորապես Ադրբեջանի սադրանքները և հայկական կողմի պատասխանը։
Սրացումներում որևէ էական բան չկա։ Ինչ վերաբերում է ավելի լուրջ ռազմական զարգացումներին, դա արդեն կախված է միայն միջազգային գործընթացներից՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից, միջազգային արկածախնդրություններից, որը նախորդ տարի Ադրբեջանին հնարավորություն տվեց գնալ պատերազմի։ Ուզում եմ ասել՝ այստեղ տարածաշրջանային որոշող գոյություն չունի։ Միայն միջազգային գործոնները կարող են ազդել իրավիճակի վրա, թե արդյոք կթեժանա իրավիճակը, թե չի թեժանա։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Հոգլանդը հայտարարել է, որ պետք է աշխուժացնել Արցախի խնդիրը։ Ձեր կարծիքով՝ նման հայտարարությունն ինչ նպատակ էր հետապնդում։
Այստեղ որևէ նորություն չկա, ընդամենը ինչ-որ ճշգրտումներ են անում դիրքորոշումների մեջ, նոր համանախագահ է, որը ինչ-որ տեղ ընդգծել է Ռուսաստանի դերը և հնարավորությունները, ընդգծել է, որ այս խնդրում համանախագահող երկրները որևէ տարաձայնություն չունեն։
Եթե ամփոփենք, Սերժ Սարգսյանը իր ելույթով ճշգրտումնե՞ր մտցրեց ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ։
Այո, ճշգրտումներ էին ներքին քաղաքական դաշտի համար և հիմնականում հստակեցումներ համանախագահողների համար։

Նյութի աղբյուրը՝ Lragir.am