«Ռազմական դասընթացների շրջանակներում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն ասել է, որ Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայուն լարված է, բայց դեռեւս ավելի մեծ լարվածության միտում չի դիտվում: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:
«Եթե համեմատենք ապրիլյան գործողություններից հետո իրավիճակի հետ, ապա բոլոր առումներով մի քանի անգամ լարվածությունը նվազել է: Կարելի է ասել, որ դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները բացառվել են, դրանք արդեն չկան, վերջնակետը եղել են փետրվարյան դեպքերը: Ինչ վերաբերում է տարբեր տրամաչափերի զենքերի կրակոցներին և խախտումներին, դրանք ևս մի քանի անգամ նվազել են: Համեմատած նախորդ տարվա հետ, 2017 թվականին խախտումների քանակը մի քանի անգամ քիչ է: Մեր կողմից տրված պատասխանները նպատակային են, տրվել են այնպիսի պատասխաններ, որ փորձ չձեռնարկեն նման հարվածներ հասցնելու», ասել է Մնացականյանը:
«Իհարկե, Արդբեջանն ամեն ինչ անելու է որպեսզի առաջնագծում միշտ լարվածությունը պահպանվի, գնալով աշխատելու է որպեսզի մեզ վնասներ հասցնի, մենք էլ ամեն ինչ անելու ենք, որպեսզի համարժեք պատասխան տանք եւ անհրաժեշտության դեպքում, երբ նպատակահարմար գտնենք, վերջնական հարված հասցնենք»: