ՀՀ կառավարությունը վաղվա նիստում պատրաստվում է հավանության արժանացնել եւ Ազգային Ժողով ուղարկել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այն գործադրի նիստում կներկայացնի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Համաձայն օրենքի՝ նախագծի ռազմական դրություն հայտարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում: Ազգային ժողովը կարող է Սահմանադրությամբ սահմանված կարգով վերացնել ռազմական դրությունը: Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում կառավարությունն ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

Ռազմական դրության գործողության ժամանակահատվածում`

1) չի անցկացվում Ազգային ժողովի հերթական ընտրություն.

2) չի կարող ներկայացվել կամ չի կարող քննարկվել Հայաստանի Հանրապետության վարչապետին անվստահություն հայտնելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծ.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չի կարող դրվել իր վստահության հարցը.

4) չի կարող անցկացվել հանրաքվե:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Սահմանադրության 119-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից 2018 թվականի ապրիլին՝ նախագահի լիազորությունների դադարման օրը:

Սահամանադրության 119-րդ հոդվածը սահմանում է, որ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական դրությունը կամ չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Գործող օրենքը, 2005 թվականին ընդունված Սահմանադրության փոփոխություններին համապատասխան, ռազմական դրության հայտարարման, դրա իրավական ռեժիմի ապահովման հետ կապված գործընթացի հիմք էր սահմանում նախագահի հրամանագիրը և գործընթացի առաջնային ապահովման ուղղությամբ նախագահի իրավասությունները: 2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության փոփոխությունների համաձայն նշված իրավասությունների ողջ շրջանակը վերապահվել է կառավարությանը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել օրենքում կատարել անհրաժեշտ վերանայումներ: